«Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պաշտպանության նախարարություն և հանդիպել զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ նա խորհրդակցություն է անցկացրել, սակայն իրականում պարզապես ասել է իր ասելիքն ու հեռացել: Փորձագիտական շրջանակների համոզմամբ, այս հանդիպումը պարզապես «բեմականացում» էր, քանի որ Փաշինյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր ունենալ կադրեր, որտեղ բարձրաստիճան սպաները իրեն «պատիվ են տալիս» և հոտընկայս դիմավորում ու ճանապարհում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում այդ հանդիպումը կազմակերպելը հեշտ չի եղել, սպաներին խնդրել են, որ լավություն անեն: «Գալու է, կարճ խոսի ու գնա»,- ասել են նրանց: Ի դեպ, ուշագրավ է, որ ընդամենը 6-7 րոպեանոց խոսքի մեջ Նիկոլ Փաշինյանը մոտ տասն անգամ օգտագործել է «միասին» բառը. միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, միասին կկարողանանք հաղթահարել, միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն և այլն: Մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգներից մեկը նշեց, որ դա պատահական չէր, և Փաշինյանը որոշակի մեսիջ էր ուղարկում գեներալիտետին:

Ինչ վերաբերում է ԳՇ պետի խնդրին, ապա այստեղ մշուշը գնալով ավելի խտանում է՝ թե՛ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատման (նա դիմել է վարչական դատարան), թե՛, առավել ևս, նոր պետ նշանակելու առումով: Հավելենք նաև, որ երեկ մինչ նշյալ հանդիպումը ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը ևս մեկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ «միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել