«ՀՀ ազգային ժողովում իմքայլականները տապալեցին Վճռա­բեկ դատարանի դատավո­րի ընտրությունը՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ կազմակերպված հարձակում նախաձեռնե­լով ու վիրավորանքներ հասցնելով: Հաջորդ քառօրյային տեղի է ունե­նալու թեկնածուների ընտրության երկրորդ փուլը: Մասնակցելու է նո­րից այդ քննարկմանը՝ հարցրինք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

«Ես չեմ մասնակցելու, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով ընդամենը պետք է խոսեն այդ թեկնածուները, ու վերջ, էլ գործա­ռույթ չկա իրականացնելու: Ես ցա­վով եմ ասում, որ չեմ խոսելու, թե չէ ես հաճույքով կգնայի կխոսեի, մի քիչ էլ ռեյտինգս կբարձրանար»,- ասաց Վարդազարյանը:

- Ու «հաճույքով» նորից կենթարկվեիք հարձակմա՞ն:

- Դա հարձակում էր: Դա ընդա­մենը իմ ռեյտինգը բարձրացնելու գործընթաց էր:

- Բաբաջանյան Արմա՞նը պետք է բարձրացներ Ձեր ռեյտինգը:

- Ինչի՞ ինքը, Բաբաջանյանի հետ կապված՝ ես արդեն դիմել եմ Ազգա­յին ժողով: Բաբաջանյան Արմանի կողմից քննադատությունը ոնց որ երկնային մանանա լինի, իմ ռեյտինգն աճում է դրանից:

-Իսկ միայն քննադատությո՞ւն էր, թե Ձեր հասցեին վիրավորանք էլ կար նրա կողմից:

-Վիրավորանքի վերաբերյալ ես արդեն դիմել եմ ԱԺ նախագահին, որպեսզի Էթիկայի հանձնաժողով ձևավորի և քննի այդ ամենը:

-Բայց այնտեղ էլի պատգա­մավորներ կային, որոնք վիրա­վորական արտահայտություններ էին անում Ձեր հասցեին, կարծեմ՝ Վաղարշակ Հակոբյան անունով մի իմքայլական էր նաև: Դուք նրանց թույլ տված արտահայտությունների հարցով է՞լ եք դիմել, թե միայն Բա­բաջանյանի:

-Էս պահին միայն Բաբաջանյան Արմանով եմ դիմել, միայն Բաբաջանյանինն եմ վերհիշել՝ ինչ է ասել և նայել: Մնացածը, քանի որ տհաճ է ինձ համար, չեմ նայել: Բայց եթե մյուսներինը նույնպես գտնեմ, նորից կդիմեմ էթիկայի հանձնաժողով:

-Ի դեպ, այդ երկու օրվա հարցուպատասխանն ինչ արձա­գանք են առաջացրել դատական համակարգում:

-Դատական համակարգն էլ ավե­լի համախմբված է դարձել, նույնիսկ եթե որոշ դատավորների հետ ունեի սկզբունքային անհամաձայնության հարցեր, նույնիսկ այդ դատա­վորներն են այս պահին հայտնել իրենց պատրաստակամությունը՝ կանգնել իմ կողքին և դատական իշխանության կողքին՝ պայքարելու էդ ցինիզմի դեմ, որ թույլ են տալիս որոշ պատգամավորներ:

-Դուք նկատեցի՞ք «Իմ քայլի» կողմից միտում, որ չեն ցանկա­նում Ձեզ տեսնել ԲԴԽ նախագահի պաշտոնում և փափագում են Ձեզ փոխարինել այլ անձով:

-Ինչո՞ւ միտում, պարզ տեքստով ասվեց, պարզ տեքստով հարց հնչեցվեց, ես էլ պարզ տեքստով պա­տասխանեցի՝ ոչ, հրաժարական չեմ տալու:

-Եթե երկրորդ անգամ էլ չընտրեն առաջադրված թեկնա­ծուներին, նորից նույն ցիկլը կրկնվելու է, ճի՞շտ է:

-Այո, նորից Բարձրագույն դա­տական խորհուրդն ընտրելու է դա­տավորի երեք թեկնածուների, և նո­րից անձամբ ես գնալու եմ Ազգային ժողով և ներկայացնելու եմ այդ երեք նոր թեկնածուներին:

-Եվ նորից անցնելու եք այդ «հաճելի» «Գողգոթայի» միջով:

-Ես Ձեր ասածի մեջ սարկազմ եմ տեսնում, այո՛, դա ինձ տհաճ էր, այո՛, ես տհաճություն եմ ապրել էդ երկու օրը: Բայց, նորից եմ ասում, երբ որ ես հիմա քայլում եմ փողոցում, ինձ անծանոթ մարդիկ բարևում են, ձեռքս սեղմում են և զորակցություն ու աջակցություն են հայտնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել