Hraparak.am-ը գրում է.

Գորիսից տեղեկություններ ստացանք, որ երեկ քաղաքի տարածքում կրակոցներ են հնչել, դեռ ավելին՝ Երևանից զորք է տեղափոխվել Գորիս։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանից, սակայն նա ասաց, որ իրականում ոչ թե կրակոցի ձայներ են եղել, այլ ամպրոպի․

«Կրակոց չի եղել, ուժեղ ամպրոպ է եղել, ուղղակի մարտ ամսին ձյան հետ ամպրոպը մի քիչ անսպասելի է եղել, մի քիչ խառնվել էին իրար, բայց սովորական ամպրոպ է եղել, ոչ մի ամպրոպ էլ չի եղել, ոչ մի զորք էլ Երևանից չի տեղափոխվել։ Իբր զորքը Երևանում հասցնո՞ւմ է մարդամեկի անվտանգությունը պահի, դեռ մի հատ էլ բերում են Գորիս կրակոցների հետևի՞ց։ Սովորական ապրոպ է եղել, թեթև անհանգստություն է առաջացրել, բայց նորմալ է եղել, հետո շուտափույթ կարգավորվել է»,- ասաց փոխքաղաքապետը։ 

Հովհաննիսյանին հարցրինք՝ հիմա Գորիսի հատվածում սահմանը ի՞նչ ուժեր են պահում՝ սահմանապահնե՞րը, թե՞ աշխարհազորը․

«Սահմանապահներ են մեր կողմից, իսկ թուրքերի կողմից չգիտեմ՝ ովքեր են պահում։ Եթե խոսքը Որոտանի մասին է, ապա այնտեղ սահմանապահներ են՝ Գորիս- Շուռնուխ, Գորիս -Կոռնիձոր հատվածում՝ Տեղ համայնք և Գորիսի Խնձորեսկ համայնքում, այդ հատվածներում արդեն աշխարհազոր կա»,- պատասխանեց Հովսեփյանը։

Փաստորեն, Սյունիքում մարդկանց անդորրն այնքան է խաթարվել, որ նույնիսկ ամպրոպն է անհանգստություն առաջացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել