Aysor.am-ը գրում է.

Բժիշկ Կարեն Պողոսյանը «Սպիտակ բանակի» առաջամարտիկներից է. սեպտեմբերի 29-ին է մեկնել Արցախ։

Ասում է՝ շատ հեշտ է տրվում որոշումը՝ թողնել ամեն ինչ ու մեկնել Արցախ. «Որովհետև դա բժշկի պարտքն է ու պարտականությունը լինել այնտեղ, որտեղ կարիքը կա»։

Բժիշկը դժվարություններով, բայց հասել է Ջաբրայիլ։ Գիշերով է գնացել Արցախ՝ մեքենաների լուսարձակներն անջատած, վերևում՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։

Սկզբում են մնացել Ջաբրայիլում, հետո տեղափոխվել են Հադրութ։

Ասում է՝ ամեն ինչ դժվար էր. դժվար էր, որ 18-ամյա զինվորները, սպաները ծանր վիրավորումով գալիս էին, իսկ իրենք՝ բժիշկները, երբեմն անցել են թույլատրելիի սահմանը։

«Օրինակ, ըստ բժշկական ցուցումների, երբ որ հնարավոր չէ փրկել կյանքը, դու պետք է չզբաղվես այդ վիրավորով, զբաղվես վիրավորով, որին ավելի ռեալ է փրկելը, բայց անհնար էր դա. երիտասարդ տղաներ էին, որոնք պայքարում էին մինչև վերջ, վերջից էլ մի քիչ ավելի։ Դժվար էր ամեն ինչ», - ասում է բժիշկ Պողոսյանը։

Բժիշկը պատմում է՝ իսկական հերոսներ էին բանակի տղերքն ու անձնական վիրավորանք է ընդունում, երբ ասում են, որ բանակում վախեցել են, նահանջել են։

«Չի եղել այդպիսի բան, վստահեցնում եմ, որովհետև նույնիսկ ծանրագույն վիրավորում ստացած սպան, զինվորը մտածում էին ոչ թե լքելու, իր կյանքի մասին, այլ՝ վերադառնալու ու ընկերներին օգնելու», - ասում է բժիշկ Պողոսյանը։

Օրթոպեդ-վնասվածքաբանն ասում է, որ սա իր վերջին հարցազրույցն է պատերազմի մասին. կանկեղծանա։

«Ես խաբեցի զինվորի ծողներին, ընդհանրապես չեմ ստում, բայց շատ ծանր դեպք էր. երիտասարդ տղա էր՝ Կարեն անունով, վերին վերջույթի պոկումով, փրկեցինք Կարենի կյանքը, բայց փորձում էինք նաև վերջույթը փրկել, ուղեկցել Ստեփանակերտի հիվանդանոց։ ճանապահին Կարենի հետ խոսում էինք ամեն ինչից, հիշում էր ծնողների համարը, զանգեցինք ու ես խաբեցի հայրիկին, եղբորը, ասացի թեթև քերծվածք ունի երեխան։ Ծանր էր, շատ ծանր, ամբողջ ճանապարհին մտածում էի՝արդյոք ճիշտ էր խաբել ծնողներին, արդյոք ճիշտ էր խաբել ինքներս մեզ», - պատմում է բժիշկը։

Հիշում է նաև հրամանատարի հետ կապված դեպքը. հերոսական դրվագ է բժշկի համար։

«Հրամանատարը երկու ստորին վերջույթի պոկում ուներ, տեսնում էր, որ իր ստորին երկու վերջույթը չկա, բայց հորդորում էր մեզ օգնել զինվորներին, ասում էր՝ «ես լավ կլինեմ, տղաներին օգնեք, հետո ինձ». ուրիշ էլ ո՞նց է լինում հերոսությունը, ցավոք, չապրեց հրամանատարը», - պատմում է Պողոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել