Armeniasputnik.am-ը գրում է.

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի վարքագծին և գործունեությանը ներքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես իշխանության և ընդդիմության հետ նրա հարաբերություններին։

ՀՀ նախագահի լիազորությունները մի կողմից ձևական են ու խիստ սահմանափակ` ըստ Սահմանադրության, իսկ մյուս կողմից ժամանակի ընթացքում ընդունվեցին նոր օրենքներ, որոնք նույնպես սահմանափակեցին նախագահի լիազորությունները։ Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց`երբ խոսվում է, թե ՀՀ նախագահը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այդ հարցում ինչ միջոցներ ունի նախագահը։

«Միջոցներ գրեթե չկան։ Եթե անդրադառնանք կոնկրետ Արմեն Սարգսյանի անձին, ապա նա 2018–ից ի վեր փորձում էր ավելի չեզոք դիրքորոշում ունենալ և չմտնել քաղաքական խաղերի մեջ` վեր մնալով դրանցից։ Այսօր քաղաքական դաշտում նրա մանևրելու միջոցները շատ քիչ են, նա չի կարող ԳՇ պետի հետ կապված հստակ պատասխան տալ։ Եթե ստորագրի նրա հրաժարականի հրամանագիրը, դա կբերի նրան, որ կենթարկվի խիստ քննադատության, իսկ հակառակ դեպքում դա կբերի կոնֆլիկտի վարչապետի հետ»,– ասաց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` Արմեն Սարգսյանը ձգտում է իրեն հեռու պահել այդ հարցին առնչվող որոշումներից և պատասխանատվությունը փոխանցել ուրիշ ինստիտուտների։ Ըստ նրա`Սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահն արդեն իսկ չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ստորագրել–չստորագրելով որևէ օրենք կամ ուղարկելով ՍԴ` այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փաստացի գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, Արմեն Սարգսյանի համար ամենակարևորն իր դիրքը պահելն է։

Քաղաքագետի գնահատմամբ` Արմեն Սարգսյանը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել և նրա դեմ նորից կարող են օգտագործվել կոմպրոմատներ, քանի որ, ըստ Դունամալյանի, հավանաբար արդեն իսկ օգտագործվել են, որովհետև նախագահը համաձայնվեց օրենքն ուղարկել ՍԴ և չստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել