«Մինչ կառավարությունը ձեռքեր լվացել, մի կողմ է քաշվել՝ հասարակությանը թողնելով իր հոգսերի հետ, գնաճը Հայաստանում գնալով ահագնանում է: Այն ընդհուպ մոտեցել է նախատեսված թիրախի վերին սահմանին, իսկ սննդամթերքի դեպքում նույնիսկ անցել է այդ սահմանը: 

Պաշտոնական տվյալներով՝ 12-ամսյա հատվածում գնաճը փետր­վարին կազմել է 5,3 տոկոս: Սնն­դամթերքի շուկայում այն հասել է 7,8 տոկոսի: Ալկոհոլային խմիչքնե­րի և ծխախոտի գնաճը մոտենում է 9 տոկոսի:

Թանկանում են ոչ միայն պարե­նային, այլև ոչ պարենային ապ­րանքները: Հագուստի և կոշիկի գնաճը 5,2 տոկոս է: Տրանսպորտի գնաճը հասել է 7,2 տոկոսի:

Առողջապահության ոլորտում, պաշտոնական տվյալներով, գները բարձրացել են 5,6 տոկոսով: Կեն­ցաղային ապրանքների ու տեխնի­կայի գնաճը մոտեցել է 7 տոկոսի սահմանին:

Թանկացումները համատարած են ու բավական ակտիվ: Բայց դրանց դեմն առնելու իշխանու­թյունների քայլերը տեսանելի չեն: Տեսանելի չեն, որովհետև իրակա­նում այդպիսի քայլեր չեն էլ կա­տարվում:

Ժողովրդի հոգսերը թեթևացնելու խոստումներով իշխանության եկած քաղաքական թիմը վաղուց արդեն մոռացել է ժողովրդի մասին մտածել: Հիմա արդեն նրա համար կարևորը ոչ թե ժողովուրդն է, այլ իր իշխանությունը: Հիմա արդեն թանկացումները միանգամայն ար­դարացված են, և սպառողները պարտավոր են լուռ ու մունջ կրել գնաճի ծանրությունը: Ոչինչ, որ մարդիկ ամեն օր առերեսվում են իրենց սոցիալական վիճակի վա­տացման և աղքատության խորաց­ման փաստի հետ:

Գնաճը գուցե այնքան սարսափելի չլիներ, եթե դա ուղեկցվեր հասարակության եկամուտների ավելացմամբ: Սակայն եկամուտ­ների ավելացման մասին խոսք չկա: Ընդհակառակը՝ ինչպես վկա­յում են պաշտոնական տվյալները, գնաճը Հայաստանում ուղեկցվում է եկամուտների նվազումով: Նվազել են, մասնավորապես, աշխատավարձերի տեսքով ստաց­վող եկամուտները:

Հունվարին Հայաստանում միջին աշխատավարձի անկում է գրանց­վել, այն էլ բավական շոշափելի 3,8 տոկոսով: Մասնավոր հատվա­ծում կրճատումն ավելի մեծ է եղել, միջին աշխատավարձը նվազել է 5,4 տոկոսով:

Այս երևույթն ուղեկցվել է բարձր գնաճով: Թե դա ինչպիսի ազդեցու­թյուն է ունեցել մարդկանց կենսա­մակարդակի վրա, յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է ասել: Թանկացումների շղթան բավա­կան ընդգրկուն է՝ սկսած սննդամ­թերքից, վերջացրած ոչ պարենա­յին ապրանքներով ու ծառայու­թյուններով:

Գնաճի ակտիվացումը Հայաս­տանում նոր չի սկսվել: Այդպես է դեռևս անցած տարվա վերջից: Այ­սօր էլ գնաճը շարունակում է պահ­պանվել ու գրոհել ապրանքային շուկաները:

Սկսենք սննդամթերքից, յուղերը և ճարպերն այս տարվա փետրվա­րին շուրջ 20 տոկոսով ավելի թանկ են եղել, քան անցած տարի էին:

20 տոկոսը, անշուշտ, լուրջ գնաճ է, բայց դա չէ այդ խմբում ընդգրկ­ված ապրանքների թանկացման ամբողջ հմայքը: Թանկացումների ամբողջ հմայքը երևում է առանձին ապրանքատեսակների դեպքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել