Հաճախ ասում-գրում ենք. «Արդար է, մեզ հասնում է» և այլն։
Իհարկե, ինքնաքննադատությունը օգտակար բան է։ Ստիպում է մտածել, սխալները հասկանալ և ապագայում, ինչքանով որ ստացվի, դրանք չկրկնել։
Բայց երբեք ոչ ինքնախարազանումը, որը կամքը կաթվածահար անող պրոցես է, ինչպես, ասենք՝ victim blaming-ը։
«Բոլորս հավասարաչափ մեղավոր ենք» ոճի գլոբալ ինքնախարազանումն ընդամենը մեր վզին փաթաթած մանիպուլյատիվ մտակաղապար է, որի նպատակն է համոզել մեզ հանգիստ սթրվել տեղում ու ոչ մի բան չասել-չանել, իսկ ասող-անողներին էլ դեմոտիվացնել, թե. «Դու էլ ես մեղավոր, մի թպրտա, սուս արա, խոսելու տեղ չունես»։
Չկա որևէ արդարություն այն բանում, որ ամբողջ կյանքը հազիվ ծերը ծերին հասցրած շատ զինվորականներ, պահեստազորայիններ, կամավորներ, աննահանջ կռվել ու զոհվել են պատերազմում, իսկ իրենց ընտանիքներն առ այսօր օրենքով հասանելիք օգնությունը չեն ստանում ու չգիտեն, թե ինչպես երեխեքին պահել։
Չկա որևէ արդարություն, որ 18–19 տարեկան տղերքը զոհվել են պատերազմի առաջին ժամերին, նույնիսկ չտեսնելով թշնամուն։ Ո՞րն է իրենց զոհվելու արդարությունը։
Չկա արդարություն այն փաստում, որ հազարավոր երեխեք առանց հայր են մեծանալու։
Չկա արդարություն այն բանում, որ հազարավոր մարդկանց քշել են իրենց տներից։
Ինքնաքննադատությանը բարակ գիծ է անջատում ինքնախարազանումից։ Ինքնաքննադատությունը չի պարալիզացնում գործելու կամքը, ընդհակառակը, օգնում է ավելի արդյունավետ գործել։
Համոզված եմ, որ ապագայում էլի շատ առիթներ կլինեն տեղին գրելու. «Արդար էր, հասնում էր», բայց եկեք, այնուամենայնիվ, չչարաշահենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել