Hraparak.am-ը գրում է.

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վանաձորի գրասենյակի ղեկավար է նշանակվել նախկին ղեկավարի՝ Գևորգ Հակոբջանյանի դուստրը՝ Աստղիկ Հակոբջանյանը։ Այս պաշտոնի համար ևս մեկ թեկնածու է եղել՝ ՄՈԳՈ վարկային կազմակերպության աշխատակից Արմեն Այվազյանը։ Այվազյանը, մեր տեղեկություններով, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի թեկնածուն է, Այվազյանի նշանակման համար նույնիսկ Սուրեն Պապիկյանի համաձայնությունն է ստացել, իսկ սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը նախկինում ղեկավարում էր «ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունը, Այվազյանի համար երաշխավորել է, սակայն Աստղիկ Հակոբջանյանի ծանոթն ավելի հզոր է դուրս եկել, մեր տեղեկություններով՝ Հակոբջանյանն էլ Արսեն Թորոսյանի ծանոթն է, և այս հարցը, թե ում ծանոթը պիտի նշանակվի, հասել է նույնիսկ Փաշինյանին, և արդյունքում հաղթել է Արսեն Թորոսյանը։ Մեզ հաջողվեց կապ հաստատել Արմեն Այվազյանի հետ, ով հաստատեց, որ մասնակցել է նշված պաշտոնի մրցույթին, սակայն չի հաղթել․

«Այո, ժամանակավոր պաշտոնակատարի մրցույթի ժամանակ իմ թղթերը ներկայացրել եմ, բայց մերժվել են իմ թղթերը, և ուրիշ մարդ է նշանակվել, որքանով որ ես եմ տեղյակ, այո, նախկին պետի դուստրն է նշանակվել»,- ասաց Այվազյանը։ Հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր համար Լոռու մարզպետն է միջնորդել, «ոչ, ճիշտ չէ»,- պատասխանեց Այվազյանը, նա ասաց, որ ինքը հիմա էլ է աշխատում «ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունում՝ որպես կառավարիչ, հարցրինք՝ փորձ ունե՞ր, կարո՞ղ էր ղեկավարել այդ կազմակերպությունը:

«Օրենքը պահանջում է քաղաքացիական ծառայության ստաժ, ես 8 տարի աշխատել եմ Վանաձոր համայնքի ավագանու անդամ, 2 անգամ ընտրվել եմ և հանրային ծառայության համապատասխան ստաժն ունեի, հետևաբար մտածում եմ, որ կարող էի»։ Հարցրինք նաև, թե իր դիտարկմամբ՝ մրցույթն առանց խախտումների՞ է անցկացվել:

«Իրենք մրցույթն անցկացրել են «Քաղաքացիական ծառայության մասին» 2016 թվականի օրենսգրքով, որն այլևս չի գործում, այլ պետք է առաջնորդվեին 2018 թվականի օրենսգրքով։ Ինձ պատճառաբանել են, որ իմ ստաժը չի հերիքում, իսկ դա ճիշտ չէ, քանի որ ես ունեմ 8 տարվա ավագանու անդամի ստաժ, և այդ ստաժը համարվում է հանրային ծառայության ստաժ։ Այսինքն, իմ կարծիքով՝ մրցույթը նորմալ չի եղել, բայց ես որևէ քայլերի չեմ դիմել, բողոքներ չեմ ներկայացրել»,- պատասխանեց Այվազյանը։

Ի դեպ, Աստղիկ Հակոբջանյանի նշանակման պատճառաբանությունն այն է եղել, որ նրանից լավ ոչ ոք չէր կարող շարունակել հոր գործը։ Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Աստղիկ Հակոբջանյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել