Hraparak.am-ը գրում է.

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը արտահերթ ընտրությունների հարցով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ այս պահին համաձայնության չեն եկել վարչապետի հետ։

Ինչո՞ւ համաձայնություն չկայացավ, պատճառը՝ Մարուքյանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ չանելու պահանջն էր․ «Վարչապետը երկու հարցը իրար հետ չի կապում, մենք երկու հարցը իրար հետ ենք կապում, հիմա ինչու մնացած հարցով չի ստացվում կամ չգիտեմ ինչ, ես կարծում եմ, որ պետք է շարունակել խոսել։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ես շատ եմ մտահոգված Զինած ուժերի ԳՇ ղեկավարության և կառավարության միջև առկա այս պրոցեսի հետ կապված և ես միշտ ասել եմ, որ որևէ ձևով մենք չպետք է Զինված ուժերը քաղաքականացնենք և ես ասում էի որ Զինված ուժերը թողնենք իր տեղում, գնանք ընտրությունների, ընտրություններից հետո մնացածը կորոշենք։ Այստեղ ընտրությունները ամենահիմնարար խնդիր լուծող հարցն է, որովհետև եթե երկրում արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենում, մենք չենք կարող այս ճգնաժամից դուրս գալ։ Ես որևէ ձևով այլ ճանապարհ չեմ տեսնում։ Կա կամք շարունակել այս բանակցությունները՝ ես այդ կամքը ունեմ, վարչապետն էլ ունի, ԲՀԿ-ի կամքը կտեսնենք նաև՝ իրենց հետ բանակցությունները կլինեն, թե ոչ, որից հետո կշարունակենք խոսել»,- ասաց Մարուքյանը։  

Ամենայն հավանականությամբ, վաղն էլ տեղի կունենա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության առաջնորդներին առաջարկում է հուշագիր ստորագրել, որով կհամաձայնեն իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չառաջադրել։Գործող օրենսդրությամբ, եթե երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը նոր վարչապետ չի ընտրում, ԱԺ-ն լուծարվում է, նշանակվում են նոր ընտրություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել