168.am-ը գրում է․

Համացանցը, մասնավորապես՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցը, ողողվել է բազմաթիվ տեսանյութերով. քաղաքացիներին պարտադրանքով բերում են Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։

168.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանի հանրահավաքին ստիպողաբար մասնակցելու են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։

«Ամբողջ անտառտնտեսության աշխատակիցներին պարտադրել են մասնակցել հանրահավաքին, նույնիսկ այն մարդիկ, որոնք նման դեպքերում պետք է մնան, որ գոնե մի քանի հոգի լինեն տարածքում, դա էլ չեն անում։ Ասում են՝ շատ խիստ է դրված ամեն ինչ, պետք է քանակ ցույց տան։ Անտառտնտեսության մի աշխատողի զանգեցի, ասաց՝ դե գնում ենք, քարշ տալով տանում են, ես ասացի՝ մի գնա, բայց դե՝ նեղվելով, փնթփնթալով գնում են․․․ Բացի «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, Հանրապետության հրապարակում կլինեն նաև Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցները»,- ասաց մեր աղբյուրը, ապա հավելեց, որ մեքենաներն արդեն շարժվել են Իջևանից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վերադարձին՝ հանրահավաքից հետո, գնալու են Գեղարքունիքի մարզում գտնվող «Ծովագյուղ» ֆուդկորտ.

«Մեր Իջևանի տարածքի, Դիլիջանի, Շամշադինի․․․ բոլոր եկող-գնացողների մեծամասնությունը գալիս են Ծովագյուղ՝ կանգառ անում, հիմնականում՝ հետդարձին։ Եթե դուք այնտեղ լրագրող ունենաք, «շատ գեղեցիկ» ու «շատ հետաքրքիր» լուսանկարներ կանեք» ։

168.am-ը փորձեց կապ հաստատել «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

168.am-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստաpնալու համար դիմեց «Հայանտառ» ՊՈԱԿ, որտեղից մեզ պատասխանեցին․

«Խոսեցինք «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի հետ, նա հավաստիացրեց, որ բնականոն աշխատում են ու որևէ խնդիր չկա, ու Ձեր ներկայացրածը հերքեց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել