ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հրաժարական է տվել: Իսկ մինչ այդ՝ նա պարգևատրել է ոլորտի մասնագետներին:

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրության հանդիսավոր արարողություն: Աշոտ Բախշիյանը գյուղատնտեսության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների շնորհել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ և թանկարժեք նվերներ:

Նրա խոսքով, պարգևատրությունը պետք է տեղի ունենար 2020 թվականի հոկտեմբերի 2-րդ կիրակի օրը, որն ավանդաբար նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Սակայն, հայտնի պատճառով նախատեսված արարողությունը հետաձգվել է:
 
Նույն օրը՝ պարգևների ու նվերների հանձնումից հետո, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հանդես է եկել իր զբաղեցրած պաշտոնից հրաժարականի մասին հայտարարությամբ:

«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար՝ ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են: Բոլորիդ մաղթում եմ շարունակել եռանդուն ու բեղմնավոր աշխատանքն՝ ի բարօրություն մեր երկրի»,- ասել է նա:

Հաջորդ օրը՝ փետրվարի 24-ին, զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել