Pastinfo.am-ը գրում է.

Անվտանգության խորհուրդը սրբագրել է իր իսկ տարածած մամուլի հաղորդագրությունը՝ վերանայելով ՀՀ նախագահին վերաբերող ձեւակերպումները։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ նիկոլ Փաշինյանի այսօր հրավիրած անվտանգության խորհրդի նիստից հետո այս կառույցը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ՀՀ նախագահին ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու Փաշինյանի ներկայացրած հրամանագիրը։

ԱԱԽ-ի տարածած մամուլի հաղորդագրության առաջին տարբերակում կարդում ենք՝ «Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակվման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։

ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետեւող կարեւորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում:

Ելնելով վերը նշվածից, Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»:

Բայց հետո, երեւի թե մի իրավաբան գտնվել է, որ հասկացրել է իրենց այս հաղորդագրության անգրագիտությունը, որ Սահմանադրությամբ նախագահը չունի պարտավորություն միայն ստորագրելու, նա ունի նաեւ իրենց ներկայացված վիճահարույց փաստաթղթերը չստորագրելու լիազորություն։

Ավելի ուշ տարածված հայտարարության երկրորդ տարբերակի մեջ արդեն նշվում է. Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝

Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել