Ավելի ու ավելի շատ իտալական մունիցիպալիտետներ որոշում են տներ վաճառել 1 եվրոյով: Երևույթը մեծ տարածում ունի հատկապես Սիցիլիայում:

Հաճախ գլխավոր նպատակը բնակավայրը կրկին բնակեցնելն է, սակայն Օյաչ գյուղի դեպքում, որը գտնվում է Աոստա արահետում՝ Շվեյցարիայի հետ սահմանից քիչ հեռու, առաջադրանքն այլ է. այս մասին հայտնում է Idealista անշարժ գույքի պորտալը:

Աոստայի մունիցիպալիտետի գաղափարն ուղղված է դատարկված անշարժ գույքերը վերականգնելուն: Գյուղապետ Ստեֆանիա Կլոսը նշում է, որ շրջանում հանդիպում են դեպքեր, երբ տներն ու այլ կառույցները դատարկվում են, քանի որ հանձնվում են ժառանգությամբ և հարկավոր չեն լինում նոր սեփականատերերին: Շատ դեպքերում քանդվող տները կարող են վտանգ հանդիսանալ գյուղի բնակիչների համար, իսկ դրանցից մի քանիսն իրենցից պատմական արժեք են ներկայացնում:

Ստեֆանիա Կլոսը երկար է մտածել խնդրի մասին և ի վերջո որոշում է կայացրել սեփականատերերին ոչ անհրաժեշտ տները վաճառքի հանել 1 եվրոյով: Այդ կերպ սեփականատերերը «կազատվեն» անշարժ գույքից, որով հետաքրքրված չեն, իսկ գնորդները վաճառքի համար նախատեսված գումարը պարզապես կներդնեն նորոգման աշխատանքների մեջ:

«Ի տարբերություն բուն Սիցիլիայի՝ Օյաչ հասնելը շատ ավելի հեշտ է: Վաճառքի տենդերը հայտարարել ենք փետրվարի սկզբին, և արդեն իսկ ունենք առաջին գնորդներին: Մենք չենք սահմանափակում գնորդներին՝ պնդելով, որ գյուղը պետք է լինի նրանց հիմնական բնակության վայրը: Չնայած դրան, նախատեսում ենք շրջանում զարգացնել զբոսաշրջությունը և սերտորեն համագործակցել հարևան շրջանների հետ, որտեղ ևս լքված տներ կան», - նշում է գյուղապետը:

Օյաչում ապրում է շուրջ 212 բնակիչ: Այն լեռնային գյուղ է, որտեղ կան կյաքի համար հարկավոր բոլոր պայմանները: Գյուղի կենտրոնում գործում են եկեղեցի, մթերային խանութ, բար, փոստ, կլինիկա, մանկապարտեզ, տարրական դպրոց և անգամ հանրային գրադարան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել