Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվող ռազմավարության հիմքում հաճախ դրվում էր խարդախությունը: Դրա եղանակ էր, օրինակ, փուչիկ-տանկերի օգտագործումը:

23-րդ շտաբ կամ «Ուրվական-բանակ» էր կոչվում ԱՄՆ-ի ստորաբաժանումը, որի մասին միայն վերջերս է հայտնի դարձել: Այն մասնագիտացված էր վերոնշյալ խարդախությունների կազմակերպման մեջ: Պատերազմի ավարտից հետո ավելի քան 40 տարի շարունակ նրանց պատմությունը գաղտնի էր պահվում և բացահայտվել է միայն 1996 թ.:

Փուչիկ-տանկերի առաջադրանքը թշնամուն մոլորեցնելն էր: Դրա համար հարկավոր էր տպավորություն ստեղծել, թե դրանք կազմում են դաշնակիցների դիվիզիայի մեջ: «Փչած» ստորաբաժանումն ուներ 1100 ծառայող: Նրանցից ոչ բոլորն էին զինվորականներ. ծառայողների թվում էին նաև նկարիչներ, ճարտարապետներ, ինժեներներ, ձայնային օպերատորներ, դիզայներներ և այլն: Արվեստի այս ներկայացուցիչներից պահանջվում էր մարտի յուրօրինակ տակտիկա մշակել՝ տեսողական խաբկանքներ ստեղծել:

Պատերազմի ժամանակա ֆիկտիվ տեխնիկա առաջինն սկսել են օգտագործել բրիտանացիները: Ամերիկացիների «փչած» ստորաբաժանումներում առկա էին տանկեր, ինքնաթիռներ, բեռնատարներ, ինչպես նաև իրական բարձրախոսներ, որոնք մինչև 24 կմ շառավղով հեռավորության վրա ռազմական տեխնիկայի ու մարդկանց արհեստական ձայներ էին արձակում՝ տպավորություն ստեղծելով, թե հսկայական զորք է մոտենում:  Եվ գերմանացիները հավատում էին դրան:

1945 թ. մարտին, երբ մոտենում էր պատերազմի ավարտը, 9-րդ բանակը պատրաստվում էր անցնել Գերմանիայի Ռեյն գետը, իսկ 23-րդ շտաբի հատուկջոկատայինների առաջադրանքը գերմանացիների ուշադրությունն իրենց վրա հրավիրելն էր: Վերջիններս տեղակայվեցին գետի մեկ այլ մասում, որտեղ տեղադրեցին ավելի քան 600 փուչիկ-տանկ ու այլ արհեստական զինատեսակներ: Գիշերը բարձրախոսներն սկսեցին մոտեցող բեռնատարների, իսկ ցերեկը՝ կամուրջի կառուցման ձայներ արձակել: Հակառակորդի հիմնական ուշադրությունն ուղղվեց 23-րդ արհեստական շտաբին, իսկ 9-րդ շտաբն այդ ընթացքում հաջողությամբ հատեց Ռեյն գետը՝ նվազագույն դիմադրության հանդիպելով:

Պատերազմի ավարտից հետո ստորաբաժանման անդամները շարունակեցին արվեստով զբաղվել: Որոշներն անգամ հայտնի դարձան, օրինակ՝ մոդելիեր Բիլ Բլասը, նկարիչ Էլսուորտ Քելին և լուսանկարիչ Արթ Քեյնը: Իսկ 2013 թ. հանրությանը ներկայացվեց ռեժիսոր Ռիք Բեյերի «Բանակ-ուրվական» ֆիլմը, որի նկարահանման համար 23-րդ շտաբի իրական մասնակիցներից հարցազրույցներ էին վերցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել