«Երեկ՝ վաղ առավոտյան, Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկվեց Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո: Վերջինս նշել էր. «Իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքն ու Արցախը:

Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»: Դրան հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը. «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ… Օնիկ Գասպարյանը կա՛մ պետք է ինքնակամ հեռանա, կա՛մ ՀՀ նախագահը պետք է ստորագրի նրա ազատման միջնորդությունը»:

Նախքան Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել, այդ թվում և՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, և քննարկել են նախ արտահերթ ընտրությունների գնալու հարցը, ապա վերլուծել են, թե ինչու ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը դուրս եկավ ՀՀ իշխանությունների դեմ:

Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա, ինչն էլ հանգեցրել է նման զարգացումների, սակայն իրենք չպետք է տրվեն ռուսական ճնշումներին։

Ու այս իրավիճակում ուշագրավ զուգադիպությամբ արձագանքեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն` հայտարարելով. «Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին։ Դա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»։

Ընդդիմությունն էլ հայոց բանակին աջակցելու նպատակով երեկվանից փակեց Բաղրամյան պողոտան և սկսեց շուրջօրյա նստացույց Բաղրամյան պողոտայում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել