ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կարծիք է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները չեն ազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա, որոնց պահպանման օգտին հանդես է գալիս հանրապետության բնակչության մեծ մասը:

«Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, իհարկե, չէի ցանկանա, որ այս տուրբուլենտությունն ազդեր դրանց վրա»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին նախկին ԽՍՀՄ երկրներում տարատեսակ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն «իշխանությունների բոլոր փոփոխությունների և հեղափոխությունների պարագայում» դրանց մեծամասնությունը հետաքրքրված է եղել Ռուսաստանի հետ հարաբերություններով:

«Հայաստանի համար դա հատկապես արդիական է, ամեն դեպքում այնտեղ երբեք հակառուսական ուժ չի գա: Ավելի ճիշտ, այն փորձեց գլուխ բարձրացնել, սակայն աջակցություն չստացավ»,- հավելել է Կալաշնիկովը՝ պարզաբանելով, որ նկատի ունի արտասահմանից աջակցություն ստացող ՀԿ-ները: Նրա խոսքով՝ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ինչ-որ հարցում կմեղադրեն Մոսկվային, «սակայն Հայաստանի մեծ մասը հետաքրքրված է Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության հարցում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել