Armeniasputnik.am-ը գրում է.

Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ վարչապետի հենարանն այժմ միայն «Իմ քայլի» 85 պատգամավորներն են, որոնք ոչինչ անել չեն կարող։

Եթե զորքերը մտնեն քաղաք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փախչելու է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ տարածած հայտարարությանը և Փաշինյանի արձագանքին։

ԳՇ–ն հայտարարություն էր տարածել` պահանջելով Փաշինյանի հրաժարականը, ինչին ի պատասխան վարչապետը հայտնել էր, որ դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում։

«Եթե Գլխավոր շտաբը մնա իր որոշմանը, իսկ մենք տեսնում ենք, որ հայտարարության ներքո ստորագրել է ԳՇ–ն բոլոր կորպուսներով, սա նշանակում է` եթե բանակն իր կազմով մտնի քաղաք, բնականաբար, վարչապետը փախչելու է։ Իսկ եթե դիմադրություն ցույց տան, ապա չի բացառվում, որ վատ սցենարներ էլ կարող են լինել»,–ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` վարչապետի կողմնակիցները մահապարտներ չեն, որ զենքը ձեռքին պաշտպանեն։ Բադալյանն ասաց` վարչապետի հենարանն այժմ «Իմ քայլի» 85 պատգամավորներն են, որոնք ոչինչ անել չեն կարող։

Իսկ եթե Փաշինյանը կարծում է, որ իր հենարանը ոստիկանությունն ու կարմիր բերետավորներն են, ապա նրանք էլ բանակի դեմ չեն կարող ոչինչ անել, քանի որ այնպես չէ, որ ոստիկանության շարքերում բոլորի «ուշքը գնում» է վարչապետի համար։

Բադալյանն ասում է` ոստիկանները կարող են կանգնել ու վարչապետին մի շենքից մյուսը ճանապարհել, բայց այնպես չէ, որ իրենք կյանքի գնով պատրաստ են պաշտպանել նրան։

Բադալյանն ասում է` եթե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի դեմ զենք հանեն, չի բացառվում` նա էլ զենքով պատասխանի։

«Ես ենթադրում եմ, որ Տիրան Խաչատրյանին ազատելն առիթ էր, որ ԳՇ-ն նման հայտարարություն տարածեր։ Այսինքն` ԳՇ–ում ինչ–որ գործընթաց եղել է դեռ նախկինում։ Ավելին, ո՞վ կարող է պնդել, որ այս հայտարարությունը միայն հայաստանյան ծագում ունի»,–ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշում է կայացրել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին։ Փաշինյանը այդ մասին հայտնեց Facebook–ի ուղիղ եթերում։

Դրանից րոպեներ առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։

Հավելենք` երեկ` փետրվարի 24–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկով հրամանագիր ստորագրեց Տիրան Խաչատրյանին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի հունիսի 12-ին:

Հոկտեմբերի 22-ին Ազգային հերոսի կոչման էր արժանացել, ինչպես դրանից 2 օր առաջ հայտարարել էր Փաշինյանը`մարտի դաշտում իր անունը փառքով պսակելու համար։

Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը հաջորդեց «Իսկանդերի» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ ԶԼՄ–ներից մեկին տված նրա մեկնաբանությանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել