Այս փոքրիկ կղզին մարդկանցից մեկուսացած է օվկիանոսային ջրերով և գրեթե անհասանելի է այցելության համար: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում: Կղզում կան ճերմակ լողափեր, խիտ բուսականություն, այն շրջապատված է կորալյան րիֆերով. այս ամենը կատարյալ պայմաններ կարող էին հանդիսանալ այն զբոսարջիկների համար, որոնք նախընտրում են միայնության մեջ անցկացնել հանգիստը: Սակայն կա մի «բայց»: Կղզում այնքան աղբ է հավաքվել, որ այսօր այն համարվում է ամենակեղտոտ վայրերից մեկն աշխարհում:

Կղզու տարածքը կազմում է 37,3 քկմ, և այն ներառված է Փիթքերն կղզախմբում: Վերջինս մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ:  Այսօր կղզին անմարդաբնակ է, սակայն հազարավոր տարիներ առաջ բնակեցված է եղել, ինչի մասին վկայում են հնէաբանների կողմից կատարված պեղումներն ու ուսումնասիրությունները:

Հենդերսոն կղզի պարբերաբար այցելում են գիտնականներ և հազվադեպ՝ հարևան կղզու բնակիչեր: Զբոսաշրջիկներն այստեղ գրեթե չեն գալիս: Կղզում աճում են արժեքավոր ծառատեսակներ, որոնցից պատրաստում են հուշանվերներ: Կղզում բնակվում են նաև թռչունների, խխունջների, թիթեռների հազվագյուտ տեսակներ: 1988 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն կղզին ներառել է հատուկ պահպանվող օբյեկտների ցանկում:

Ցավոք, գեղեցիկ կղզին չափազանց աղտոտ է այսօր: Դրա ափերը լի են աղբով՝ պոլիէթիլենային տոպրակներով և տուփերով, շշերով, գնդակներով և այլն: Թափնների մեծ մասը պլաստիկե է: Այս ամենը օվկիանոսն է հասցնում կղզու ափեր: Ըստ մոտավոր հաշվարկների՝ Հենդերսոնի ափերին 38,000,000 միավոր աղբ կա՝ ընդհանուր 18,000 կգ քաշով: Աղբի մի մասն արդեն խորը ավազի մեջ է թաղվել: Ամեն օր օվկիանոսի ալիքները Հենդերսոնի ափեր են նետում 4,000 միավոր նոր աղբ:

Այս ողջ աղբն ի վերջո հայտնվում է ցամաքային և օվկիանոսային կենդանիների օրգանիզմում, որոնք դա սխալմամբ սնունդ են համարում: Բնականաբար, կենդանիների մարսողական համակարգը պլատիկը չի ընդունում, և նրանք պարզապես մահանում են:

Ի դեպ, նույն սարսափելի խնդիրն առկա է նաև Հավայան կղզիների Կամիլո լողափում, որտեղ լցվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածից եկող ողջ աղբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել