Hraparak.am-ը գրում է.
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ ՀՀ ՊՆ N զորամասում փետրվարի 23-ին տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։
«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար»,- ասվում էր հայտարարության մեջ։
Այժմ այդ զինծառայողների ծնողները ՀՀ ՊՆ շենքի մոտ են։ Նշում են , որ իրենց հետ ՊՆ ներկայացուցիչները հանդիպում են նշանակել ժամը 10:00-ին։ Հավաքված ծնողները պնդում են՝ իրենց երեխաները ծառայությունից չեն խուսափում, բայց նրանց թույլ կտան շարունակել ծառայությունը միայն Հայաստանի տարածքում։
«Երեխեն թուրքից չի վախեցել, թուրքի դեմ պայքարել է, եկել է ստեղ սրանցից է վախենում։Սրանք թուրքից վատն են, թուրքը իմ երեխուն կարող է չծեծեր, բայց սրանք են ծեծել։ 3 տղա եմ բերել, երեքն էլ ծառայել են, էն մյուսը քառօրյայի մասնակից է։ Հիմա ինձ որպես մայր սե՞նց են շնորհակալություն հայտնում։ Ռազմականի աշխատողը ասում է՝ խի ես տղա բերել, քեզ ով էր ասում տղա բերես, տղա եմ բերել , որ աչքդ հանի, այլանդակ»,- ասաց ՊՆ -ի մոտ հավաքված ծնողներից մեկը։