Sputnik Armenia-ն գրում է.

Օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի թեման, Հայաստանի վարչապետի թեթև ձեռքով, մեծ արձագանք է առաջացրել ադրբեջանական մամուլում։ Հակառակորդի լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ ընդունեցին ՀՀ վարչապետի խոսքերը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր» մարտավարական հրթիռների վերաբերյալ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց, որ ՊՆ–ն չի  կարող մեկնաբանել Հայաստանի վարչապետի հայտարարությունները»:

Նախօրեին Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»: «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասաց Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ, միգուցե  80-ականների զենք է»:

Հիշեցնենք` առաջին անգամ «Իսկանդեր» օգտագործելու մասին հայտարարել էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: 2020թ–ի  նոյեմբերին նա ասաց, որ «Իսկանդերները» օգտագործվել են պատերազմի վերջին օրերին:

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասաց, որ դրանք կրակել են Շուշիի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները և զինված ուժերը երբեք պաշտոնապես չեն հաստատել այդ համալիրների օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը:

Նշենք, որ «Իսկանդերն» առաջին անգամ արտադրվել և ներկայացվել է 1999-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել