Պատերազմից դեռևս 2 տարի, 1 տարի, նույնիսկ 2 ամիս առաջ ՀՀ բարձրագույն իշխանությունը կարող էր կանխել մասշտաբային աղետը և մեծ թվով զոհերը, քանիցս մատնանշել եմ փաստերով։
Այն, որ Հայաստանը կարող էր ծախսել 202 մլն դոլար՝ ձեռք բերելով սեփական տեղեկատվական- ՌԷՊ արբանյակ և այդկերպ փաստացի վերահսկեր ՀՀ և Արցախի օդային տարածությունը, այլևս գաղտնիք չէ։ Բայց ՀՀ իշխանությունը գերադասեց այդ փողերը ծախսել ժողովրդին սեր խոստովանելու պոպուլիստական ակցիաների վրա։
2019-ի մայիսին տնտեսական ֆորումի ժամանակ վարչապետի հետ հանդիպմանը նշեցի արբանյակի կարևորության մասին՝ շեշտելով այն վտանգը, որ կա Ադրբեջանի կողմից, հատկապես որ թշնամին արդեն շահագործում է 2 նմանատիպ արբանյակ և չի թաքցնում ՌԷՊ միջոցների կիրառման նպատակները։
Նիկոլ Փաշինյանի արձագանքը ավելի քան անտարբեր էր, թե իրենք տիրապետում են իրավիճակին, մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ՝ դիմակայելու թշնամուն, իսկ ադրբեջանական արբանյակները խաղալիք են։
Պատերազմից 1 ամիս առաջ՝ 2020թ․ օգոստոսի վերջին տեղեկություն ստացա, որ հնարավոր է վարձակալությամբ՝ տարեկան մոտ 30 մլն դոլարով շահագործել ռուսական կամ ֆրանսիական տեղեկատվական-ՌԷՊ արբանյակ։ ՌԴ-ում հայ մեծահարուստների հետ խոսեցի, նրանք պատրաստակամություն հայտնեցին առնվազն 3 տարով իրենց վրա վերցնել Արցախի և ՀՀ «օդը փակող» արբանյակի վարձակալությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մեծ սպառնալիքը։
Արդեն վստահ, որ պետք է վերջապես լուծվի արբանյակի, հետևաբար Արցախի օդային անվտանգության հարցը, հերթական անգամ, արդեն նաև հրապարակային դիմեցի ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին։
Կրկին հնչեց նույն պատասխանը, թե այդ արբանյակները լավագույն դեպքում հեռուստաալիքների հեռարձակում կարող են ապահովել, ոչ ավելին, Հայաստանը դրա կարիքը չունի։
Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հրապարակային կերպով ասաց, որ իրենց ռազմական հաջողության առյուծի բաժինը պատկանում է արբանյակներին, որոնց շնորհիվ ունեցան առավելություն օդում, անարգել կիրառեցին «Բայրաքթարները»՝ սպանելով մոտ 5000 հայ զինվորների։
Կարո՞ղ եմ արդյոք ես կասկած հայտնել, որ ՀՀ բարձրագույն իշխանության կողմից 2 տարվա հետևողական ապիկարությունը եղել է միտումնավոր՝ ոչնչացնելու հայկական կողմի անվտանգային համակարգերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել