Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։
Պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական ժամանակահատվածում մարդու իրավունքների լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների որոշման գործընթացի պատճառով:
Հանդիպման ընթացքում պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունն ու մասնավորապես՝ ընդգծել է համատեղ աշխատանքը մարդու իրավունքների երկխոսության ու մի շարք այլ ծրագրերի ֆորմատով: Պաշտպանը վերահաստատել է համատեղ աշխատանքի հանձնառությունը, որն ուղղված է ԵՄ աջակցությամբ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում:
ԵՄ պատվիրակությունն իր հերթին ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում եւ պաշտպանի հետ համագործակցության կարեւորությունը:
Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համատեղ աշխատանքի նոր ուղղություններ։