Aysor.am-ը գրում է.

Պատերազմի հենց առաջին օրն է «Սպիտակ բանակի» առաջամարտիկներից Անատոլի Գնունին Արցախ մեկնել։

Պատմում է՝ սկզբում թվացել է, թե պետք է գնան Արցախ, տեղավորվեն հյուրանոցում, սպասեն, բայց ժամանակն արել է լրիվ հակառակը։

«Մենք եկանք, տեսանք ինչ է կատարվում, անմիջապես շորերը փոխեցինք հիվանդանոցում ու միշտ մնացինք մեր բժշկական հանդերձանքով, որովհետև հյուրանոց գնալու ժամանակ չկար», - պատմում է բժիշկը։

Ասում է, որ շատ ծանր օրեր են ապրել Արցախում, ընդունել են բավականին մեծ ծավալով վիրավորների։

Բժիշկ Գնունին փրկել է ոչ միայն հարյուրավոր զինվորների կյանքեր, այլև՝ լրագրողների. բժիշկը փրկել է ֆրանսիացի լրագրողի կյանքը։

Պատմում է՝ տասնյակ ձեռքեր են գրկել վիրավոր լրագրողին ու մեքենայից տեղափոխել պատգարակի վրա, այունհետև՝ դեպի վիրահատարան։

Վիրահատության ավարտից հետո Անատոլի Գնունին լրագրողին պատմել է, որ Արցախի ու Հայաստանի ժողովուրդն աղոթում էր նրա համար։

«Եվ ինքն ասում էր՝ «դա ճի՞շտ է», ասում էի Արցախի նախագահը եկավ ձեզ այցեության ու նորից ասում էր՝ «դա ճի՞շտ է», ասում էի Էմանուել Մակրոնն ինքնաթիռ է ուղարկել ձեր հետևից. լրագրողը զարմացած էր ու հուզված», - պատմոմ է նա։

Բժիշկը բեկորը, որը հանել են վիրավոր լրագրողի խոռոչից, դրել է տոպրակի մեջ, կապել ու, ինչպես խաչն են կախում, այդ բեկորը կախել է ֆրանսիացու պարանոցից։

«Ասացի՝ սա այն կտորն է, որը ձեզ վնաս է հասցրել, ասացի՝ ձեզ եմ տալիս, որպեսզի դուք տեսնեք ինչ վատ բան է պատերազմը ու այս փոքր կտորը կարող էր ձեր կյանքը խլել», - պատմում է Գնունին։

Բժիշկը շատ հուզիչ պահերի է ականատես եղել։ Պատմում է, որ երբ բժիշկներով գնացել են հաց ուտելու, ճանապարհին տեսել են մոտավորապես 300-ից ավելի երեխաների, որոնց տարհանում էին Արցախից։

«Շատ ցավալի տեսարան էր, ոստիկաններն անցնող մեքենաները կանգնեցնում էին, երեխաներին նստեցնում էին մեքենաների մեջ ու ասում էին՝ շուտ դուրս հանեք. մենք այդ օրը հաց չկերանք, վերադարձանք հիվանդանոց, այդ ամենը տեսնելուց հետո ուղղակի էլ հնարավոր չէր ինչ-որ մի տեղ նստել», - պատմում է բժիշկը։

Ամենածանր դեպքերից հիշում է, երբ Շուշիից տեղափոխել են վիրավոր ոստիկաններին։

Անատոլի Գնունիի համար այս պատերազմում հայտնագործություն էին երիտասարդ բժիշկները, ովքեր դարձել են պրոֆեսիոնալ, կատարում էին առավելագույնը։

Նրան հուզել է նաև շտապօգնության բժիշկների աշխատանքը, ասում է՝ իրարից խլում էին հիվանդներին։

Հուզիչ պատմություններ կան նաև բուժքույրերի հետ կապված։

«Բուժքույրը կանգնած էր վիրահատարանում ու իր զավակներին ու ամուսնուն ուղարկել էր առաջնագիծ, մեկ էլ լուր է հասնում, որ գնդակոծության ժամանակ ավերվել է իր տունը, ինքը ոչ մի լուր չուներ իր հարազատներից, բայց կանգնած կյանքեր էր փրկում։ Լինում էին դեպքեր, երբ բուժքույրը տեսնում էր իր հարազատին վիրավորների մեջ, եղել է դեպք, որ նայել են ու ուշագնաց են եղել, պարզվում էր՝ հորեղբոր տղան է կամ եղբայրը», - հիշում է Գնունին ու պատմում, որ նման մի դեպք էլ իր հետ է պատահել. վիրավորների մեջ տեսել է իր բարեկամի տղային։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել