ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Սյունիքի մարզի 51-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 02:50-ին, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ «Գորիսի բժշկական կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ, 51 տարեկան տղամարդ, որը մասնագիտական բուժում ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» և այժմ գտնվում է կոմայի մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ: 

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 51-ամյա տղամարդը նշված վնասվածքն ստացել է ոչ թե ընկնելու հետևանքով, այլ՝ համագյուղացի 25-ամյա երիտասարդի հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 3 կգ տարողության գազաբալոնով վերջինիս կողմից գլխին հասցրած հարվածի արդյունքում:

Նախաքննության ընթացքում երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել