Pastinfo.am-ը գրում է․

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Արամ Լևոնի Սարգսյանին կալանավորելու մասին որոշումն ապօրինի և խիստ ուղղորդված է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, բավարարել է Արամ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Սարգսյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Ինչպես արդեն հայտնի է` Արամ Սարգսյանն ունի երեք անչափահաս երեխա: Այսինքն` բացի նրանից, որ պաշտպանական կողմը չի ընդունում առաջադրված մեղադրանքը` հայտարարելով, որ ԱԱԾ մեղսագրված ենթադրությունները հերքվել են, առավել եւս, երբ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը ֆեյսբուքում շարունակում է իր ակտիվ գործունեությունը, Ա. Սարգսյանը նաեւ քննությունից խուսափելու փորձ չի արել, նաեւ խնամքին ունի անչափահաս երեխաներ, որի պարագայում բացակայում է նաեւ կալանավորման հիմքը:

Պաշտպանը տեղեկացրեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի, ավելին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի՝ հնարավոր ներգործության մասին լուրերի հետևից կգնան մինչև վերջ, իսկ թե ինչ են պատրաստվում անել՝ չմանրամասնեց։

«Ախր հարց է առաջանում՝ ինչու կալանավորեին։ Հիմնավոր կասկած հասկացությունն ընդհանրապես գոյություն չունի, Սարգսյանն ընդհանրապես կապ չունի։ Բռնել են ինչ որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք, ազատ շրջանակ են վերցրել, որ այդ ֆեյքը քշում են և այդ ֆեյքի գրածների հետ կապված իրավական որակումներ են տվել, ինչն անհասկանալի է ինձ համար և կարծում եմ՝ յուրաքանչյուր իրավաբանի համար է անհասկանալի է», - ֊նշեց պաշտպանը։

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ Գալստյանը նշեց, որ հոդվածներ կան, որոնք հակասում են իրար, իսկ ՀՀ ՔՕ 307.4-րդ հոդվածն ընդհանրապես կիրառել հնարավոր չէ, որովհետև այն նորմատիվ ակտը, որին հղում է կատարվում, ՍԴ որոշմամբ կասեցվել է։ Փաստաբանի խոսքով՝ որևէ կասկած չի կարող լինել, որ Արամ Սարգսյանը կարող է կապ ունենալ ֆեյք էջի հետ, ավելին՝ որևէ տվյալ չկա նաև, որ Սարգսյանը կապ ունի մյուս ձերբակալվածների հետ։

Ինչ վերաբերում է VPN հավելվածին, փաստաբանը նշեց, որ լավ աշխատանքի արդյունքում հնարավոր է գտնել, եթե մարդիկ փնտրում են հանցագործություն կատարող անձի, ոչ թե՝ գրառումներ կատարողի։

«Արամ Սարգսյանը հայտնվել է ՔԿՀ-ում, որովհետև օգտագործել է VPN հավելված։ Մարդը, յութուբի որոշակի կոնտենտ առանց գովազդի դիտելու համար, ներբեռնել է ծրագիրը և փորձել է օգտվել VPN-ից, որ Յութուբի համար ցույց տա, որ Սարգսյանը մուտք է գործում, ենթադրենք Մոլդովայից։ Դրանից որոշ ժամանակ առաջ VPN-ով նույնացվող IP-ն նույնն է եղել, ինչ Գագիկ Սողոմոնյանի գրառման հետ կապ ունեցող VPN- ի IP-ն», - նշեց Գալստյանը՝ ընդգծելով, որ դատական քննության ընթացքում ապացուցվել է, որ այդ IP-ն կարող են ունենալ բոլոր այն անձինք, որոնք օգտվում են VPN հավելվածից, որն արգելված չէ թե՛ ՀՀ֊ում, թե՛ արտերկրում, ուստի՝ Հայաստանում այդ հավելվածից օգտվելու արդյունքում 1000 մարդ կարոլ է ունենալ այդ հասցեն, ՌԴ-ում 20 մլն մարդ և ստացվում է, որ ըստ ԱԱԾ քննչական դեպարտամենտի տրամաբանության՝ այդ բոլոր մարդիկ «Գագիկ Սողոմոնյան» են։

Գալստյանը նշեց, որ այդ հանգամանքը դատական նիստին նույնիսկ վերածվեց քննչական փորձարարության, մասնավորապես, պաշտպանը ներբեռնել է ծրագիրը, ցույց է տվել, որ հասցեն նույնն է և իր ասածը հասկացել են և դատավորը, և նիստերի քարտուղարը, և ԱԱԾ աշխատակիցները և պաշտպանի մոտ տպավորություն էր, որ դատարանը կմերժեր միջնորդությունը։

Արամ Սարգսյանը, փաստաբանի խոսքով, հասարակ քաղաքացի է, զբաղվում է միջին կամ միկրո ձեռնարկատիրական գործունեությամբ, առևտրային ընկերության փոխտնօրեն է և որևէ մեկի հետ որևէ կապ չունի։

«Չգիտեմ, հնարավոր է նույն VPN-ով նույն IP-ին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ ունեն, հիմա իրե՞նք էլ են «Գագիկ Սողոմոնյան» քշում»- ֊նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, պաշտպանը նշեց, որ, թեև դրանք անիմաստ են, այդուհանդերձ դրանց դատական նիստին ևս անդրադարձել է։ Քննիչը կալանավորման միջնորդությամբ մատնանշել է և թաքնվելու, և խոչընդոտելու, և նոր հանցանք կատարելու ռիսկերը։

«Քննիչն ասում է՝ քանի որ բացառիկ հմտություններ ունի համակարգչատեխնիկական ոլորտի, ասում եմ՝ բացառիկ հմտությունը ո՞րն է, կարողանում է հավելված ներբեռնել և միանալ VPN- ին»- ֊պատմեց Գալստյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները երեկ խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի. քաղաքացի Մհեր Ավագյանի և Արամ Լ. Սարգսյանի աշխատասենյակներում, բնակարաններում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր ձերբակալման որոշման դեմ բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց։

Հանրային գործիչներից մեկը երեկ գիշեր սրճարանում լսել էր, թե ինչպես է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսով հրահանգավորում կալանավորել երեք անչափահաս երեխա ունեցող ոմն մեկին, ով ըստ Ա. Մկրտչյանի ԱԱԾ տնօրենին է հայհոյել: Քիչ ավելի հայտնի դարձավ, որ ֆեյքի գործով Արամ Սարգսյանին, որն ունի երեք անչափահաս երեխա, դատարանը կալանավորելու որոշում է կայացրել: Փորձագիտական համայնքում կասկածներ կան, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ապօրինի ներգործության հետեւանքով է Արամ Սարգսյանը կալանավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել