News.am-ը գրում է.

Կարծում եմ՝ ժողովրդի ճնշումը կլինի այնպիսին, որ նա ստիպված կլինի հասկանալ, որ ինքն այլևս անցյալ է, Նիկոլ Փաշինյանը տարբերակ չունի չհեռանալու։ Այս մասին այսօր ՝ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Այսօրվա հանրահավաքի հիմնական խորհուրդն այն է, որ հայ ժողովուրդը պարտված չի ապրելու, հայ ժողովուրդը ծնկած, գլխիկոր, արժանապատվությունը նվաստացված ու ստորացված չի ապրելու։ Ոչ ոք չի մոռացել, թե ինչ է եղել, ոչ ոք չի հաշտվելու եղածի հետ»–նշեց նա։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «պատերազմի վերքերը հայ ժողովուրդը կբուժի» ուղերձին՝ Հովհաննիսյանն ասաց. «Պատերազամի վերքերը հայ ժողովուրդն անկասկած կբուժի, բայց առանց Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանը չէ, որ դա պետք է ասի։ Ինքը հայ ժողովրդին ամենամեծ, ամենախորը վերքեր պատճառած, ապիկար ու ձախողված ղեկավարն է, որի մեկ օր ավել պաշտոնավարելը մոտեցնում է Հայաստանի ավարտը, Հայաստան պետության կործանումը»։

Անդրադառնալով փորձագետ, «Քառյակ մեդիա»–ի համահիմնադիր Կարեն Բեքարյանի, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալմանը՝ պատգամավորն ասաց.

«Այս ամեն զավեշտ է։ Նրանք Արցախի համար ամենաշատ գործունեություն ծավալած մարդիկ են։ Ու գիտե՞ք՝ ինչ մեղադրանքով. այս մարդը ֆեյք է փնտրում, այս մարդու համար կարևորն այս երկրում ֆեյքն է։ Փաստը նրանում է, որ առանց ապացույցների, առանց դատարանի որոշման կատարվել են խուզարկություններ։  ԱԱԾ–ն դարձել է բութ գործիք այս իշխանության ձեռքին՝ մոռանալով սպայի պատիվ, ծառայողական բարեխղճություն ու ազնվություն հասկացությունները»–ընդգծեց Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել