Պատերազմի օրերին հայ լրագրողները՝ Հայաստանում ու աշխարհի բոլոր կետերում, մեկ մարդու պես աշխատեցին առանց հանգստի, հայրենիքի վտանգված հատվածի մասին օպերատիվ նորություններ հաղորդելու համար չխնայեցին ջանքեր, միավորվեցին՝ մոռանալով, թե քաղաքական ինչ ճամբարներում են գործում։
Մեծ հաշվով, հատկապես լրատվական բլոկներում աշխատող լրագրողների մեծ մասի համար երբեք էլ էական չի եղել, թե ինչ քաղաքական նպատակներ ունի իր ներկայացրած ԶԼՄ-ն, կարևորը սեփական աշխատանքը բարեխիղճ անելն է։
Ցավում եմ, որ լրատվությունը Հայաստանում վերածվել է այդքան թիրախավորված երևույթի։ Այնքան թիրախավորված, որ իր անունն անգամ սխալներով գրող ամեն տհաս իրեն իրավունք է վերապահում պիտակավորել լրագրողներին, դասեր տալ։ Հաճախ նման դեպքերում ուզում ես այդ տհասներին ցույց տալ, թե ինչքան անքուն գիշերներ են անցկացնում լրագրողները փոշոտ կամ հեղձուկ փողոցներում, նկարահանման սառը տաղավարներում ու հաստավիզ չինովնիկների աշխատասենյակների մոտ, որպեսզի մեկ նախադասություն ստանան՝ հանրությանը փոխանցելու համար։ Բայց միևնույն է, իրենց անուններն անգամ սխալներով գրող բազմաթիվ տհասներ շարունակելու են պիտակավորել լրագրողներին։
Ցավում եմ, որ երբեմն այդ տհասները նաև ճիշտ են լինում։
Ես մշտապես իմ գործընկեր ու ծանոթ լրագրողներին աշխատանքային միջավայրում կոչ եմ արել և շարունակում եմ կոչ անել՝ անկախ ԶԼՄ-ի քաղաքական կամ բիզնես շահերից, լրագրողը պարտավոր է լինել անհատականություն։ Շատ լրագրողներ են կողքիս դժգոհել այս կամ այն երևույթից, հետո լայն ժպիտով արել այդ բանը՝ արդարանալով, թե ուրիշ տարբերակ չկար։
Ուրիշ տարբերակ միշտ կա։
Ուրիշ տարբերակը սեփական խղճի առաջ միշտ բացճակատ կանգնելն է։
Ուրիշ տարբերակը չարդարանալն է․ դա ավելի տգեղ է։
Տգեղ է, երբ ընդդիմադիր ԶԼՄ-ում նույն լրագրողն այսօր ընդդիմադիր է, իսկ իշխանությանը պատկանող ԶԼՄ-ում վաղը դառնում է իշխանության քարոզիչ։ Տվյալ պարագայում ես ԶԼՄ-ին չեմ մեղադրում։ Դա լրատվամիջոցի կողմնորոշումն է, ինչը հատուկ է ամբողջ աշխարհում։ Ես մեղադրում եմ այն լրագրողներին, որոնք ԶԼՄ-ների մեջ կողմնորոշումներ էլ են փոխում։ Հենց դա է պատճառ դառնում, որ իրենց անուններն անգամ սխալներով գրող բազմաթիվ տհասներ շարունակում են պիտակավորել լրագրողներին։
Իմ ուսանողներին միշտ ասում եմ՝ քաղաքական հայացքներ կարող է ունենալ նաև լրագրողը, բայց նույնիսկ քաղաքական հայացքներին պետք է հավատարիմ լինել։
Իսկական կոչումով լրագրողը ասուլիս կամ հարցազրույց լուսաբանողը չէ։ Ժուռնալիստիկան ավելի ազնիվ արվեստ է, այո, արվեստ, որից ծնվում են ճշմարտություններ ու պատմություն, իսկ ամենից թանկը Հայրենիքն ու պետականությունն է։
Քաղաքական շահերը, իշխանական աթոռներն ու ախոռները անցողիկ են, ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է մնայուն։
-Իսկական լրագրողների ջանքերի շնորհիվ են 1մլն դոլարանոց Տ90 տանկերը Հայաստան գալիս,
-Իսկական լրագրողների ջանքերի շնորհիվ են կյանքի կոչվում սահմանի ջերմատեսիլ սարքերը,
-Իսկական լրագրողների ջանքերի շնորհիվ են բացահայտվում ու աշխարհին ներկայացվում թշնամու պետական ահաբեկչության փաստերը,
Ոչինչ, որ իր անունն անգամ սխալներով գրող ամեն տհաս իրեն կշարունակի իրավունք վերապահել՝ պիտակավորելու լրագրողներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել