«Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնա­ժողովի նախագահ Արամ Հարու­թյունյանը Armlur.am-ի հետ զրույ­ցում հայտարարեց, որ սխալ են այն հայտարարությունները, թե Արցա­խում, «Լեզվի մասին» օրենքում փո­փոխություններ կատարելով, հայերե­նի դերը նվազեցվում է: Ըստ Հարու­թյունյանի՝ պատերազմի ավարտից հե­տո, երբ Արցախում խաղաղապահներն են տեղակայվել, Արցախի գրեթե բոլոր գերատեսչություններն իրենց ամենօր­յա աշխատանքով առնչվում են նրանց հետ, ինչի համար ռուսերենը դարձել է շատ անհրաժեշտ: Դրանով էլ պայմանավորված՝ մի խումբ պատգամավորներ որոշել են օրենքում փո­փոխություններ կատարել և ռուսերենն Արցախում դարձնել պաշտո­նական լեզու, ոչ թե պետական: Արամ Հարությունյանը հավելեց նաև, որ դեռևս կառավարությունն իր դիրքո­րոշումը չի ներկայացրել, ինչի համար իրենք չեն կարող ասել, թե իրենց առաջարկությունն ինչ հանգուցալու­ծում կստանա:

-Պարո՛ն Հարությունյան, տեղեկա­ցանք, որ Ձեր ղեկավարած հանձնաժո­ղովում է գտնվում «Լեզվի մասին» օրեն­քում փոփոխություն կատարելու հարցը, ըստ որի՝ այսուհետ պետք է Արցախում երկրորդ պաշտոնական լեզուն ռուսե­րենը հաստատվի: Ովքե՞ր են նախաձեռ­նել, ինչո՞ւ որոշեցիք նման նախաձեռ­նությամբ հանդես գալ:

-Նախ, նշեմ, որ նախագիծը դեռ պաշ­տոնական շրջանառության է, և կառավարությունը դեռևս չի տվել վերջնա­կան եզրակացությունը, ինչի պատճա­ռով ներկա պահին դեռ մեր հանձնաժո­ղովում չի քննարկվել: Ինչ վերաբերում է նախաձեռնողներին, ասեմ՝ երեք պատ­գամավորների նախաձեռնությամբ է, որից մեկը ես եմ: Հիմնավորման մեջ մենք նշել ենք, որ, բացի ստեղծված իրավիճակից, նաև այլ նախադրյալներ կան: Դրանցից կարևորները նրանք են, որ Արցախի ամենամեծ սփյուռքը Ռու­սաստանում է գտնվում, և մենք, եթե հայրենադարձություն կազմակերպելու լինենք, պետք է պարտադիր նրանց հա­մար հարմար պայմաններ ձևավորենք, որպեսզի մարդիկ կարողանան գալ և իրենց բնականոն կյանքը շարունակել Արցախում: Բացի այդ, ներդրումների մասով կհեշտանա Ռուսաստանում ապ­րող հայերի համար այդտեղ գործունեու­թյուն ծավալելը: Այս ամենը մեզ հուշեց, որ պետք է Արցախում հնարավորություն ստեղծենք, որ հանրության մեջ ռուսերե­նի իմացությունն ավելի տարածվի ու ամրապնդվի: Եվ ուզում եմ ընդգծել, որ սա չի արվում հայերենի հաշվին: Որևէ միտում չկա հայերենը ստորադասելու, նվազեցնելու մասին: Հաճախ հանրու­թյան մեջ սխալ կարծիք է ձևավորվել, թե փոխվում են պետական և պաշտո­նական հասկացությունները: Այստեղ պետական լեզուն ինչպես եղել, այդպես էլ մնում է միայն հայերենը: Հաշվի են առնվել նաև խաղաղապահների հետ մեր հարաբերությունները: Ներկա պա­հին գրեթե բոլոր գերատեսչությունները համագործակցում են խաղաղապահների հետ և ստիպված են նամակագրություններ կատարել ռուսերենով:

-Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի կառավարությունը: Իրենց հետ քննարկում ունեցե՞լ եք: Իրենց դիրքորոշումը հայտնի՞ է: Հիմա տարատեսակ տեղեկություններ կան. կառավարությունից ասում են, որ նման նախագիծ չկա, իսկ խորհրդարանն էլ հաստատում է, որ շրջանառության մեջ է դրվել այս հարցը։ Նախապես քննարկում ունեցե՞լ եք, թե՞ անակնկալ է եղել իրենց համար:

-Հնարավոր չէ՝ կառավարության այն ներկայացուցիչները, որոնք իրավասություն  ունեն, ասեն, որ չկա նման նախագիծ: Հնարավոր է՝ ինչ-որ ժամկետների հարց լինի, այդ օրը ներկայացված չլինի, հետո երևա: Որոշակի քննարկումներ ունեցել ենք, բայց պետք է ուսումնասիրենք բոլոր հոդվածները: Կան լրացումներ, որոնք պետք է ուսումնասիրի կառավարությունը, որից հետո պարզ կլինի դիրքորոշումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել