Մեզ է դիմել մի քաղաքացի և ներկայացրել Շիրակի մարզի դատախազության մի խիստ «տարօրինակ» գրություն։
Ի՞նչ է տեղի ունեցել։ Քաղաքացին մի քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ և դատախազությունից պահանջում է իրեն տեղեկացնել, թե ով է տվյալ քրեական գործով «հսկող դատախազը»։ Ի պատասխան՝ քաղաքացուն տեղեկացնում են, որ այդ տվյալը հայտնելու «ԸՆԹԱՑԱԿԱՐԳ» նախատեսված չէ։
Այ քեզ բա՜ն։
Ոչ իրավաբանների համար պարզաբանեմ, որ հսկող դատախազը քրեական գործով «բողոքարկման ատյան» է: Այսինքն տվյալ քրեական գործում ներգրավված յուրաքանչյուր քաղաքացի, մանավանդ տուժողը, կարող է հսկող դատախազին բողոքներ հասցեագրել, օրինակ, քննիչի որոշումների, գործողությունների կամ նույնիսկ անգործության դեմ։ Ուստի պետք է իրավունք ունենա իմանալ, թե ով է իր գործով հսկող դատախազը, որ իմանա, թե ում հասցեագրի բողոքը։
Բա էլ ի՞նչ «ընթացակարգ», ի՞նչ բան։
Կարճ ասած, եթե տուժողը հարցնում է՝ ով է իր գործով հսկող դատախազը, ապա պետք է անմիջապես նրան տեղեկացնել, ու այդ տեղեկացման համար ոչ մի «ընթացակարգի» կարիք էլ չկա։
Ուզում եմ հավատալ, որ այս «զավեշտը» կրում է եզակի բնույթ և այն շատ արագ շտկվելու է։ Իսկ եթե այնուհանդերձ սխալը կրում է համակարգային բնույթ, ապա անհրաժեշտ է շատ արագ ու «սուսուփուս» փոխել իրավակիրառական պրակտիկան։
ՀԳ. Հուսով եմ՝ Շիրակի դատախազությունում կներդրվի «ընթացակարգերի» բացակայությանը անհարկի հղումները բացառող ընթացակարգ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել