«Միշտ կարծել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր պայմաններ են նախ՝ երկրի ու ազգի հանդեպ պատասխանատվություն, ապա և` բարոյականություն ու բարեվարքություն ունենալը: Դրանք են այն հատկանիշները, որոնցով առաջնորդներն ապահովում են պետականության, դրա ինստիտուտների, խորհրդանիշների, ինստիտուցիոնալացված հիշողությունների շարունակականությունը: Վերը նշվածի մասով մենք մեծ խնդիր ունենք, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ: Մի առիթով արդեն ասել եմ, որ Հայաստանի նախորդ բոլոր նախագահներն իշխանության են եկել Արցախով, իշխանությունից հեռացել կամ հեռացվել են Արցախով։ Նիկոլ Փաշինյանը նույնպես գնալու է Արցախով։ Մեր պետականության ինստիտուցիոնալ հիշողության մեջ Արցախի խնդիրը առանցքային դերակատարություն է ունեցել և ապագա պրոցեսներում, անշուշտ, ունենալու է:

Նախորդ երեք նախագահների պաշտոնավարման հաջորդականության կապող օղակը գերազանցապես եղել է Արցախը: Նիկոլ Փաշինյանը նույնպես շղթայի օղակներից մեկն է, որը պետք է ապահովեր ինստիտուցիոնալ հիշողության շարունակականությունը: Բայց նա չկարողացավ, չի կարողանում, հետևաբար շղթան կտրվելու ռիսկի տակ է: Դրա կտրվելը նշանակում է Արցախի վերջնական կորուստ և Հայաստանի պետականության գոյության մեծ սպառնալիք: Պետականության վերջնական կորուստ հիմա փորձում են թույլ չտալ նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Եկեղեցին, կաթողիկոսները, Մայր բուհը, գիտնականները, մտավորականներն ընդհանրապես, հասարակական-քաղաքական գործիչները: Մտքիս եկան Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։ Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել»։

Ինչևէ, առաջ անցնենք: Մենք խնդիր ունենք ոչ միայն ներսում ու ոչ միայն թշնամի հարևանների հետ: Մենք խնդիր ունենք քաղաքակրթության հետ առհասարակ: Չգիտես ինչու, մենք ուզում ենք աշխարհի մարդկությանն ապացուցել, որ հոգ չէ, աննորմալ չէ, հակաբնական չէ, հակաքաղաքագիտական չէ պարտված, երկիրը կապիտուլյացիայի տարած ղեկավարի պաշտոնավարման շարունակումը: Եվ ոչ միայն պաշտոնավարումը շարունակելը, այլև հաջորդ ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնին նորից հավակնելը: Մենք ո՞ւմ ի՞նչ ենք ապացուցում, մեր՝ պետականություն ունենալ-չունենալու հաշվին ումի՞ց ենք վրեժ լուծում կամ «ինադ անում»: Պարադոքս է: Հոդվածի սկզբում նշել էի երկրի ու ազգի հանդեպ պատասխանատվության, բարոյականության ու բարեվարքության մասին: Տեսեք՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին պատերազմից հետո անվանել է «ազգակործան պատուհաս», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանին անվանում է պոպուլիստ և համեմատում Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի հետ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին որակեց որպես «կապիտուլյանտ» և «խզբզված անհեթեթություն». ի դեպ, եթե ուշադրություն դարձրել եք, նախագահները խուսափում են Փաշինյանի անունն անգամ տալ՝ դրանով իսկ ցույց տալով իրենց արհամարհանքը:

Ուզում եմ անպայմանորեն արձանագրենք հետևյալը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք ունենք նախկին նախագահների նկատմամբ, նրանք մեր երկրի առաջնորդներն են եղել, իրենց մեջ կրում են ինստիտուցիոնալ հիշողություն, հանդիսանում են մեր պետականության ինստիտուտներից, հետևաբար երկրի ու ազգի նկատմամբ պատասխանատվությունը նաև սկսվում և ավարտվում է այդ գործիչների խոսքին, գնահատականին ու վարքագծին հետևելու ու անհրաժեշտ հետևություններ անելու ցանկությամբ ու կարողությամբ: Հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանի վրա կազդե՞ն գերազանցապես երեք նախագահների, կաթողիկոսների, ի վերջո ողջ հանրության գնահատականները, վերաբերմունքը տեղի ունեցածին: Նիկոլ Փաշինյանն իր հեռացմամբ հնարավորության դուռ կբացի՞ մեր ինստիտուցիոնալ հիշողության շղթան վերջնականապես չկտրելու համար, մեր մեջքը ուղղելու համար, մեզ վերգտնելու համար: Դժվար թե: Նա չի կրում այդ ինստիտուցիոնալ հիշողությունը:

Մարդը նժարին է դրել մի կողմից՝ պետությունը, մյուս կողմից՝ պաշտոնը: Ամփոփենք: Գրեթե ամեն օր ականատես ենք Սյունիքում տեղի ունեցող պրոցեսներին: Թուրքը գալիս, իր դրոշը տնկում է այնտեղ, որտեղ ցանկանում է: Դա բացառապես այդպես է: Նիկոլ Փաշինյանին դա չի հետաքրքրում, նա ոչինչ չի ձեռնարկում ու առհասարակ նա ոչինչ չի անում բացի մի բանից՝ քաղաքագիտության բոլոր կանոններին հակառակ շարունակում է զավթած պահել վարչապետի աթոռը՝ ի հաշիվ և ի հեճուկս մեր՝ հայրենիք ու պետականություն ունենալու երազանքների, ներդրած ջանքերի ու թափած արյան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել