Sputnik Armenia-ն գրում է.

Ինչպե՞ս տարհանել աշակերտներին այն դպրոցներից, որոնց միայն մեկ դուռն է բաց, իսկ առաջին հարկի բոլոր պատուհաններին տեղադրված են ճաղավանդակներ:

Հայաստանյան դպրոցներում կուսումնասիրեն արտակարգ իրավիճակների ժամանակ վարվեցողության և արձագանքման կանոնները և կսովորեն կիրառել դրանք գործնականում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը։

«Նախորդ ստանդարտներն ու նորմերը տեսական գիտելիքներ էին տալիս այն մասին, թե ինչպես վարվել նման դեպքերում, սակայն նոր ստանդարտների հիմքում ընկած է գործնական հմտությունների յուրացումը, իրական կյանքում դրանց կիրառման հնարավորությունը, արտակարգ իրավիճակների ժամանակ կողմնորոշումը, ելքի ուղիների որոնումը, ուրիշներին օգնություն ցուցաբերելը»,–ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ԱԻՆ-ի հետ համատեղ մշակել է արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման պլաններ: Բացի այդ, բոլոր դպրոցներում տարեկան երկու անգամ իրականացվում է արհեստական տարհանում, որպեսզի աշակերտներն իմանան` որտեղից և ինչպես դուրս գալ:

Ասուլիսին ներկա ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը դժգոհեց արտակարգ իրավիճակների ժամանակ դպրոցների պատրաստվածության կապակցությամբ:

«Ինչպե՞ս կարելի է աշակերտներին տարհանել մի դպրոցից, որի միայն մեկ դուռ է բաց, և առաջին հարկի բոլոր պատուհաններին տեղադրված են ճաղավանդակներ»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ անվտանգության համար առաջին հերթին պետք է հանել պահուհանների ճաղավանդակները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկություններով` փետրվարի 13-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը չի ազդել Երևանի դպրոցների շենքերի վրա: Բայց այդ առիթով խնդիր է դրվել ուսումնասիրել դպրոցների շենքերի սեյսմակայունությունը:

Պաշտոնական տվյալներով` Հայաստանի 425 դպրոց կամ ընդհանուր թվի 30%-ը չի դիմանա 5,5 մագնիտուդով երկրաշարժին։

Նման ուժգնության ցնցումները կհանգեցնեն այդ շենքերի ամբողջական կամ մասնակի փլուզման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել