Hraparak.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում:

Որից հետո Փաշինյանը փակ ռեժիմով հանդիպում է անցկացրել  շիրակցի գերեվարված զինծառայողների հարազատների հետ:

Մենք տեղեկացանք, որ մարզպետարանից նախապես տեղեկացրել են գերիների հարազատներին՝ ներկայանալ մեկ հոգուց ոչ ավել, եւ անվանական ցանկով նրանց ներս են հրավիրել։ Մեր տեղեկություններով՝ հանդիպումն արդեն ավարտվել է, սակայն վարչապետը դեռևս չի շտապում հեռանալ մարզպետարանի շենքից։

Մինչ վարչապետը հանդիպում էր գերիների հարազատների հետ, մարզպետարանի շենքը հսկում է ոստիկանական շարասյունը՝ ներս չթողնելով որևէ մեկի: Դրսում անհամբերությամբ սպասող հարազատներից ոմանք դժգոհում են՝ նշելով, որ միևնույն է, որևէ ակնկալիք այս հանդիպումից չունեն եւ փորձում են բողոքի ակցիա իրականացնել:Գերիների հարազատներին են միացել նաեւ Գյումրու թիվ 25 դպրոցի մանկավարժներն ու աշակերտները։ Այդ դպրոցում 14 օր է՝ դասադուլ է հայտարարված։

Հիշեցնենք, որ բողոքը վերաբերում է դպրոցի տնօրենի նշանակմանը. տնօրենի թափուր տեղի մրցույթն անցկացվել էր 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մրցույթին մասնակցել էր 7 հավակնորդ։ Կրկնակի քվեարկությամբ կառավարման խորհրդին չէր հաջողվել ընտրել տնօրեն․ չնայած 2 թեկնածուներից և ոչ մեկը չէր հավաքել պահանջված 5 ձայնը, նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանի օգտին գրանցվել էր 4, իսկ մյուս թեկնածուն` Իրինա Բաղդասարյանը հավաքել էր 2 ձայն: Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն, ըստ գործող կարգի, նշանակումը կատարել է փոխվարչապետը՝ հիմք ընդունելով իր աշխատակազմի կողմից 2 թեկնածուների հետ անցկացրած հեռավար հարցազրույցը։ Ծնողներն ու դպրոցի անձնակազմը նամակ են հղել փոխվարչապետին՝ խնդրելով տնօրենի նշանակման ժամանակ հաշվի առնել իրենց կարծիքը, սակայն նախապատվությունը տրվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել