Hraparak.am-ը գրում է.

Աջափնյակ վարչական շրջանում թաղապետերն ու փոխթաղապետերը փոխվում են ոչ պակաս պարբերականությամբ, քան Արգիշտի Քյարամյանը պաշտոնների է նշանակվում, կամ էլ ԱԱԾ պետերն են փոխվում։ 2020-ի դեկտեմբերի 12-ից Աջափնյակում արդեն 2 նոր փոխթաղապետեր են պաշտոնավարում՝ Գրիգորի Պապյանն ու Մնացական Պողոսյանը, իսկ նրանց իրավանախորդները՝ վարդենիսցի 2 տեղակալները՝ Գևորգ Բադեյանն ու Կարեն Մկրտչյանը, ինչպես հայտնեցին թաղապետարանից, ազատվել են իրենց դիմումների համաձայն։ 

Գևորգ Բադեյանի որդին՝ Երեմ Բադեյանը, աշխատել  է նույն թաղապետարանի բաժիններից մեկում՝ որպես առաջատար մասնագետ։ Այսինքն՝ թաղապետի կատարած նշանակումների արդյունքում որդին հոր ենթական է։ Ընդ որում, Բադեյանն ու նախկին թաղապետ Թելման Թադևոսյանը մետրոպոլիտենային ինչ-ինչ կապեր են ունեցել։ Ըստ FIP.am-ի՝ Թելման Թադևոսյանին նախկինում պատկանած «Զառա» ՍՊԸ-ն 2013 թվականին Երևանի մետրոպոլիտենի հետ 25 տարով տարածքի վարձակալության պայմանագիր էր կնքել՝ վարձակալելով «Սասունցի Դավիթ» կայարանի 38․4մ² մակերեսով նախասրահը (ընդ որում, «Զառա» ՍՊԸ-ն հիմնադրվել էր այդ պայմանագրի կնքումից 18 օր առաջ), իսկ Գևորգ Բադեյանը ևս ներգրավված է եղել մետրոպոլիտենի տարածքների վարձակալության սխեմայի մեջ: Բադեյանը, ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, 2005 թվականից հանդիսացել է «Դիադին» ՍՊԸ-ի տնօրենը: Իսկ այդ ՍՊԸ-ն մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի ստորգետնյա անցումում ընդամենը 262 հազար դրամով վարձակալել  է 130 մ² տարածք, որը (հավանաբար՝ շատ ավելի թանկ գնով) վերավարձակալությամբ տվել է այլ տնտեսվարողների։ Ուշագրավ է, որ Աջափնյակի 2 փոխթաղապետերն այդպես էլ հայտարարագիր չեն ներկայացրել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում երկու նախկին փոխթաղապետերի կողքին որևէ հայտարարագիր նշված չէ։  

Սա էլ հո ԴԱՀԿ -ի Միհրանը չէ, որ մի թիվ սխալ գրի, քրեական գործ հարուցեն։ Իսկ նոր հները թքած ունեն օրենքի պահանջների վրա։ 

Իսկ համայնքին, ըստ էության, նայելով եկվորի աչքով, նուբարաշենցի նախկին թաղապետը՝ երիտասարդ տարիքում Վարդենիսում թրծված Թելման Թադևոսյանը, աջափնյակցիներին հայտնի դարձավ նրանով, որ Մակունցի պես տանիք ուներ, և նաև նրանով, որ բնակիչներին խորհուրդ էր տալիս ջուր-լույսը «գողնան»։

Հիշեցնենք, որ օգոստոսին մեզ էր դիմել Աջափնյակ վարչական շրջանի Ֆիզիկայի թաղամասի բնակիչներից մեկը, նշելով, որ թաղամասում շուրջ մեկ ամիս է` շինարարական «բարդակ» է տիրում, կից ուղարկել է նաև լուսանկարներ, որոնցում երևում են քանդված փողոցներ և շուռ եկած տաղավարը։

Մեր զրուցակցի խոսքով` շինարարները, հավանաբար, հետևել են թաղապետի խորհրդին․ երբ ամիսներ առաջ թաղապետին հարցրել են, թե ինչպես ձեռք բերեն ոռոգման ջուր և փողոցային լուսավորություն, պատասխանել է՝ «գողցեք, ապե, գողցեք», շինարարներն էլ, հավանաբար, «գողցել»։

Թեմայի առնչությամբ փորձեցինք կապվել Թելման Թադևոսյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ Աջափնյակի թաղապետարանից այդպես էլ չպատասխանեցին մեր զանգերին։

Հատկանշական է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը  մոտ մեկ ամիս առաջ գրառում էր կատարել, որում նկարագրում էր, թե ինչպես են ինքն ու Թադևոսյանն այցելել վերը նշված թաղամաս․ «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանի հետ այսօր շրջել ենք Աջափնյակ վարչական շրջանի երկու թաղամասերում։

Ֆիզիկայի թաղամասը բնակիչների և թաղապետարանի համատեղ համագործակցության առումով իրապես օրինակելի է, որը, լիահույս եմ, վարակիչ կլինի նաև այլ թաղամասերի համար։ Բնակիչներն իրենց նախաձեռնությամբ սկսել են բարեկարգման աշխատանքներ, որոնք աջակցություն են ստացել թաղապետարանի կողմից։ Նախատեսվում են առանձին հատվածներում ոչ միայն սալիկապատման, այլև մաքրման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել։ Շնորհակալություն թաղամասի բոլոր նախաձեռնող ու ներգրավված բնակիչներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել