News.am-ը գրում է.

Այս պահին էլ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից մի քանի մետր են հեռու, նույնիսկ այգիների մի մասն է անցնում ադրբեջանցիներին, անհասկանալի է՝ ինչպես է համայնքը դուրս մնացել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին, Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Խնձորեսկ եւ Քարահունջ բնակավայրերը սահմանամերձ համայնքներին  տրվող սոցիալական աջակցության ծրագրից դուրս են մնացել։

«Սա անընդունելի է։ Զարմանում եմ՝ ինչպես եւ ինչ չափորոշիչներով են նման բան որոշել, որ մեր գյուղը դուրս է մնացել սոցիալական աջակցության ծրագրից։ Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող է Քարահունջը դուրս մնալ աջակցությունից։ Ինձ թվում է՝ սա թյուրիմացություն է։ Անհնար է, որովհետեւ միջպետական այդ ճանապարհն անցնում է հենց Քարահունջով։ Սահմանապահներն այս պահին Քարահունջի հողում են կանգնած։ Եթե սա թյուրիմացություն չեղավ, ապա դիմելու ենք կոշտ միջոցների։ Մեր գյուղով անցնող գլխավոր ճանապարհը կփակենք, թող իմանան»,- ասաց Լուսինե Ավետյանը։

Նա ասաց, որ գյուղն այս պահին արոտավայրեր չունենալու խնդիր ունի. «Գարունը բացվեց, չգիտենք՝ ինչ է լինելու»։

Գյուղապետի խոսքով՝ գյուղում այս պահին վիճակը համեմատաբար խաղաղ է. «Սակայն հետագայում չենք կարող երաշխավորել բնակչի անվտանգությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել