«Անցյալում նույնպես քծնանքը «բացասական երանգներ» ուներ, այսինքն՝ խոսվում էր ոչ թե «թագավորի» բարեմասնությունների, այլ նրա ընդդիմախոսների թերությունների մասին: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին դուր գալու համար պարտադիր էր ինչ-որ վատ բան ասել Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի, «ցրտի-մթի» և նման այլ բաների մասին:

Այնուամենայնիվ, քծնողները «տեղ ունեին» (գոնե իրենց այդպես էր թվում) փառաբանելու այն պահի իրականությունը և «իմաստուն առաջնորդներին»:

Այսօրվա իշխանությունն ընդհանրապես պարծենալու ոչ մի առիթ չունի: Եթե այսօր ասուլիս անցկացվի «100 փաստ Նոր Հայաստանի մասին» թեմայով, ապա դա հասարակության սթափ հատվածի կողմից կընկալվի որպես «սև հումոր»: Այդքանով հանդերձ՝ շողոքորթների թիվը ոչ թե քչանում է, այլ ավելանում: Եվ բնական է, որ ներկա իշխանությունների քծնելու միակ ձևն է մնացել նախորդ իշխանությունների մեղքերի մասին խոսելը: (Մեղքերը մեծ մասամբ իրական են, բայց դրանք, իմ կարծիքով, ներկայիս ողբալի վիճակի արդարացումը չեն):

«Դհոլների նոր համույթի» հիմնական երկացանկը հետևյալն է. «Այսօրվանները վատն են, բայց նրանք, ովքեր հավակնում են իշխանական աթոռներին, ավելի վատն են»: Դա գուցեև ճիշտ է, բայց առանձնապես սփոփիչ չէ, որովհետև խորացնում է հասարակական ապատիան և նույն լճացումը: Հասարակական միտքն ընկղմվում է «վատերի» ու «ավելի վատերի» համեմատության ճահճի մեջ, ու այլևս չի փորձում ելքեր փնտրել: Մինչդեռ ելքերի այդ փնտրտուքը պետք է տեղի ունենա ոչ թե «ավելի լավ մարդկանց», այլ ավելի լավ գաղափարների մեջ: «Մենք չենք գտնի խնդիրների լուծումը, եթե մտածենք այնպես, ինչպես այն մարդիկ, որոնք այդ խնդիրները ստեղծել են», – ասում էր Ալբերտ Էյնշտեյնը: Բայց թե՛ գիտության, թե՛ քաղաքականության մեջ մտածողության նոր մակարդակի վրա բարձրանալը որոշակի խիզախություն է պահանջում: Իսկ քծնողների և «քլնգողների» հակադրությունը նոր մակարդակ չի ապահովում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել