Այսօր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում նշել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու նրա նպատակը եղել է Արցախի հակամարտության լուծումը, որի մասին նա պարբերաբար բարձրաձայնել է: Եվ որպես սրա օրինակ, նա նշեց Լույս հիմնադրամի շուրջ վաթսուն կրթաթոշակառուներից նրան ուղղված նամակին իր պատասխանը:
Հաշվի առնելով թեմայի կարևորությունը և այս համատեքստում բերված օրինակը, մի քանի պարզաբանում անեմ: Նամակի գլխավոր նախաձեռնողը և նամակի հեղինակը ես եմ, որի մասին գիտեն շատերը, կարծում եմ նաև պարոն Սարգսյանը: Նամակը աջակցություն չէր Նիկոլ Փաշինյանին, նամակը կոչ էր Սերժ Սարգսյանին` հրաժարվել վարչապետի պաշտոնը ստանձնելուց: Նամակին միացել են շատերը, որոնց անձամբ չեմ էլ ճանաչել, ոչ ոքի չեմ համոզել, միացել են կամովի, սեփական որոշմամբ: Նամակի բովանադակությանը և Սերժ Սարգսյանի պատասխանին կարող եք ծանոթանալ համացանցում:
Շարունակեմ: Նիկոլ Փաշինյանին երբևէ անձամբ չեմ հանդիպել, ոչ էլ երբևէ որևէ առիթով նրա հետ զրուցել եմ: Ավելին, նա ինձ չի ճանաչում: Ի հակադրումն սրա, Սերժ Սարգսյանի հետ զրուցելու առիթ եղել է, և հուսով եմ նա գիտի իմ կողմից նշված նամակի նախաձեռնման շարժառիթները և իմ անհամաձայնությունների բնույթը, որը հակիրճ պարզաբանեմ ստորև:
Ես մեծ անհամաձայնություն եմ ունեցել երկրի կառավարման մոտեցումների շուրջ: Ավելին, պարբերաբար բարձրաձայնել եմ, և հիմա էլ, որ մեր երկրի կառավարման բոլոր շրջանները անարդյունավետ էին և դրանք հանգեցրել էին կորզող հաստատությունների և օլիգարխիկ համակարգի ձևավորման: Եվ համոզմունք ունեմ, որ այս համակարգը տանում էր Հայաստանի մաշեցման, քանի որ ոչ թե Արցախի հակամարտության լուծումն էր մեր պետության տնտեսական զարգացման բանալին, այլ մեր պետության տնտեսական զարգացումն էր Արցախի հակամարտության ի նպաստ մեզ լուծման բանալին: Իմ անհամաձայնության առարկան սա է եղել:
Ես շարունակում եմ հավատալ սրան և հավատում եմ, որ քանի մենք տնտեսապես չենք ուժեղանում, Արցախի հակամարտությունը վերջնական և ի օգուտ մեզ չենք կարողանալու լուծել: Նաև հավատում եմ, որ մենք կարող ենք սա անել:
Նշեմ նաև, որ բոլոր նշածս անարդյունավետ կառուցակարգերը շարունակել են մնալ գործուն ներկա վարչակարգի օրոք` հեղափոխություն ասվածից հետո: Նիկոլ Փաշինյանը շարունակել է նախորդ անարդյունավետ և պետությունը մաշեցնող կառավարման մոտեցումները: Ավելին, պոպուլիզմին հագուրդ տալու իր փափագը էլ ավելի է վատացրել համակարգի վիճակը` հանգեցնելով դրա կազմաքանդմանը և պետության այս աղետալի վիճակին: Երբեմնի անարդյունավետ պետական համակարգը այսօր դադարել է գործել (ինչի մասին հատկապես անցած տարվա մեջ շատ եմ ասել): Սրա արդյունքում, երկրի կառավարման վերջին երկու տարիները աղետալի են իրենց հետևանքներով և ներկա իշխանությունները իրենց ապիկարությամբ և ապաշնորհությամբ մեր պետության համար արհավիրք են:
Ամփոփեմ: Ես պետության տնտեսական զարգացման շրջադարձային և ցավոտ գործողություններով օրակարգի կողմնակից եմ, այլ տարբերակ չեմ տեսնում: Կորզող տնտեսական կառուցակարգերը և օլիգարխիկ համակարգը պետության զարգացման համար լուրջ խոչընդոտ եմ համարում: Հետևաբար, նախորդ և ներկա կառավարման համակարգերն ու մոտեցումները անարդյունավետ և պետությունը մաշացնող եմ համարում: Հավատում եմ, որ մենք կարող ենք լինել զարգացած պետություն և հավատում եմ, որ նշածս զարգացմանը հասնելու դեպքում Արցախը լինելու է Հայաստանի անբաժանելի մասը: Հետևաբար, բոլոր իմ գործողությունները բխում են այս հավատից և համոզմունքներից:
հ.գ.
Կարծում եմ, որ Արցախի հակամարտության շուրջ նախորդ բոլոր նախագահների գիտելիքն ու փորձառությունը պետք է ծառայեցնել Արցախի հակամարտության կարգավորման գործին` հատկապես ներկա վիճակը հաշվի առնելով: Երկրի արդյունավետ կառավարման համակարգ ունենալու դեպքում սա լինելու է անհրաժեշտություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել