Hraparak.am-ը գրում է.

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը 2020 թվականը ներկայացրեց որպես ծաղկման տարի՝ չնայած երկրում աղքատության ցուցանիշները մոտեցել են 30 տոկոսի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա պարզաբանեց, որ եթե 2018 թվականին աղքատության մակարդակը կազմի 23,5 տոկոս, ապա 2019-ին այդ ցուցանիշը կաճի մինչեւ 26,5 տոկոս:

Նրա խոսքով՝ այն ծրագրով, որով այսօրվա իշխանությունն իշխանության է եկել, խոսվում էր այն մասին, թե իրենք երջանկություն կբերեն, շատ ներդրումներ կլինեն, տնտեսությունն ուղղված կլինի արտահանմանը, իսկ նպաստների փոխարեն մարդիկ կսկսեն աշխատավարձ ստանալ:

«Սակայն իրականությունն ավելի վատ է: 2017-2019 թվականներին արտահանման տեմպերը նվազել է 2,5 անգամ, սկսվել է ներդրումների չդադարող արտահոսք, 2019-ին կապիտալ ծախսերը նվազել են 60 տոկոսով, ՀՆԱ ցուցանիշները կրճատվել են, պետական պարտքը դրամային արտահայտմամբ աճել է 20 տոկոսով, դոլարային արտահայտմամբ՝ 16 տոկով: Ներկայիս իշխանության օրոք պետական պարտքն աճել է 1,9 մլր դոլարով, եւ եթե նրանք չհեռանան, ՀՆԱ ցուցանիշները կհավասարվեն պարտքի ցուցանիշներին: Բացի այդ, խորանում է պարենային անվտանգության խնդիրը: Եկամուտի կրճատման ֆոնին կաճեն գները, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են ավելի քան 10 տոկոսով: Ամեն ինչ տանում է նրան, որ կլինեն ժողովրդագրական խնդիրներ: Լուրջ միգրացիոն արտահոսքի համար միակ իրական զսպող մեխանիզմը անկումներն ու սահմանափակումներն են»,-նշեց փորձագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել