Hraparak.am-ը գրում է.

2019 թվականի սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով քննչական մարմինները ոչ թե նախաքննություն են իրականացնում, այլ մեղադրյալներին գործից հանելու օպերացիա: Օգտագործվում է մեղադրյալներին աղմկոտ գործից հանելու դեռեւս նախկինների օրոք օգտագործված ու 100 տոկոսով աշխատող սխեմա: Հանրային ճնշման ներքո մի քանի մեղադրյալ են ներգրավում, հետո գործից մաս են անջատում: Ապա մեղադրյալներից մեկին տանում են դատարան, իսկ մյուս մասով գործը կարճում են՝ վերացնելով նաեւ մեղադրյալի կարգավիճակը: Այսպես եղավ փոխգնդապետ Մխիթարյանի գործով:

Սկզբում փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի առիթով մեղադրանք առաջադրվեց նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի (Տ․ Սարգսյանը ներկայում ՔՊ աշխատակազմի ղեկավարն է) օգնական Հարություն Գրիգորյանին՝ դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Հետո՝ հոկտեմբերին, դեպքից մեկ ամիս անց, խմբի կազմում փոխգնդապետի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար մեղադրանք առաջադրեցին եւ կալանավորեցին Հարությունի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին։ Նոյեմբերին արդեն քննիչները որոշեցին, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որի՝ դեպքի վայրում լինելու վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ տվյալներ կան, 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել: 2020 թվականի մարտին արդեն Զավեն Գրիգորյանին 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեցին: Գործից մաս է անջատված, որն այլեւս առնչություն չունի Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դրվագի հետ: Փաստորեն, այժմ Մխիթարյանին միակ ծեծի ենթարկողը Հարություն Գրիգորյանն է, որը կալանքի տակ է: 

Փոխգնդապետի հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Արտակ Գալստյանը կարծում է, որ նրան էլ են ուզում ազատել պատասխանատվությունից: «Միտում կա խափանման միջոցը փոխելու,- ասում է Արտակ Գալստյանը,- այդ են վկայում ամեն դատական նիստին խափանման միջոցի փոփոխության միջնորդությունները: Կոպիտ ասած՝ 4 դատական նիստից երեքին դատարանը քննարկել է խափանման միջոցի փոփոխության միջնորդությունները: Կարծում եմ, ՔՊ-ի կողմից միտում կա, որ իրեն էլ ազատեն»: Մայր գործից մաս անջատելը նա քննչական տրյուկ է համարում: Արտակ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե դատական ինչ փուլում է Արա Մխիթարյանին վերաբերող դրվագը:  «Վկաների հարցաքննության փուլն է դատարանում: Երեք վկա է հարցաքննվել, որոնք պնդել են, որ մարզպետը տեղում է եղել»,- ասում է Արտակ Գալստյանը:

Վկա զինվորականներից մեկը՝ Լեւոն Հարությունյանը, դատարանում հայտարարել է, որ ինքը Վայոց Ձորի նախկին մարզպետի հետ դեպքի վայրում 40 րոպե խոսել է: Արա Մխիթարյանի հորից էլ հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում է որդին: «Անփոփոխ: Տանը պառկած է, կոմայի մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել