Hraparak.am-ը գրում է.

Ի կատարումն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ փետրվարի 9-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական վերահսկողությամբ Բաքվին է փոխանցվել 1, Երևան է վերադարձել՝ 5 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատների շրջանում, չգիտես ինչու, շրջանառվում էր 25 թիվը, և Էրեբունի օդանավակայանի մոտ էին հարյուրի հասնող հարազատներ։Մի մասը՝ հույսով, մի մասը՝ հույսները կտրած, համենայնդեպս, եկել էին։ Այս ընթացքում տարածվեց, որ վերադառնում է նաև Էրիկ Խաչատրյանը, որի հարազատները օդանակայան էին շտապել՝ մեքենայի դիմապակու վրա «Բարի գալուստ,Էրիկ» բառերով, բայց  Էրիկը չկար նրանց մեջ։

«Հրապարակն» այսօր զանգահարեց Էրիկի հորը, բայց վերջինս ահավոր կոտրված էր․ ասաց նաև, որ վատ է զգում ու ոչ մի բանի մասին չի ուզում խոսել։ «Մի քիչ լավ չեմ, կներեք, էլի»,-ասաց Էրիկի հայրը։

Զրուցեցինք անհետ կորած Գևորգ Գասպարյանի քեռու՝ Էմիլ Սարգսյանի հետ, որը երեկ նույնպես եկել էր օդանավակայան։ Համենայն դեպս։

- Ո՞վ էր հայտնել, որտեղի՞ց վստահություն, որ գալու էին 20-ը կամ 25-ը։

-Որ շատ ջուր չծեծեմ, ասում ա՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Ինչ-որ ծնողների մեջ եղել է խոսակցոթյուն,իմացել են, որ 20 հոգու մասին է խոսքը։ Ու մինչև գալը համարյա կարելի է ասել, որ բոլորն էլ համոզված էին, որ 20-ից ավել է լինելու։

-Այսինքն՝ վերջին պահի՞ն է ինչ-որ բան փոխվել։

- Որ էդքան զադերժկա լինելը, որ գիտեինք ժամը 3․30 պտի իջնի, ժամը 4-ին, ու կես ժամը մեկ ինչ-որ փոփոխություն էր լինում, կարծում եմ, որ էտի լրիվ դրա հետ էր կապված, որ գիտեինք 20-ը պտի լինեն ու հինգին տվին։

-Իսկ այդ տեղեկությունները հարազատներին հայտնել էին պաշտոնակա՞ն շրջանակներից։ Օրինակ՝ Ավինյանի գրասենյակից։

-Չէ, պաշտոնական շրջանակներից ոչ ոք մեզ նման թիվ-թվաբանություն չի ասել։ Դա ծնողների խոսակցությունն էր, քանի որ արդեն նախօրոք ցուցակ էր եղել 23 հոգու։ Բոլորս էլ տեղյակ էինք, որ 23 հոգու ցուցակ կա։ Բոլորիս մոտ։ Թե հիմա հաստատվա՞ծ էր, հաստատված չէր, չեմ կարող ասել։ Կամ մարդիկ շփոթել են, քանի որ էդքանի գործը ՄԻԵԴ-ն ընդունել է։

-Այսինքն՝ գալիս են նրանք, որոնց գործերը ՄԻԵԴ-ն ընդունե՞լ է, ի՞նչ տրամաբանությամբ են ընտրվում գերիները։ Որ, օրինակ, այս, այս, այս անձինք գալիս են, սրանք՝ մնում։

-Ես էդ հարցին չեմ կարա պատասխանեմ, ամեն մարդ մի ձև ա մտածում։ Մտածում է, որ իր էրեխեն գերի է, եկել է, ուղղակի սպասում է, որ մեկ էլ տեսար՝ միամիտ իջնի, մեկը համոզված ա, չես կարա ասես։ Մեկը սպասում ա, չի ուզում հավատալ, որ իրա էրեխեն գերի չի․․․Իսկ էդ, որ ասում եք՝ ինչ սկզբունքով, նենց հարց ես տալիս, ոնց որ ես հիմա գնամ, Մուրադովին հարցնեմ՝ ինչի ես էսքանին բերում, էսքանին՝ չէ։ Ի՞նչ իմանաս, ինչ են ընդեղ պայմանավորվում։ Մինչև քո աչքով չտեսնես, քո ականջով չլսես, ո՞նց կարաս ինչ-որ մի բան ասես։

-Բնականաբար, շարունակվում է դժգոհությունը տեմպերից։

-Ինչի՞, բոլորս չե՞նք հասկանում, որ դրա մեջ, այո, կա որոշ․․․ Ինչի եթե էդ մեծ ինքնաթիռը թռնում ա, և դուք պայմանավորվել եք, էսքան գործողություններ են կատարում, կոպիտ ասած՝ չարչարվում են, ինչի՞ է հինգը գալիս, ոչ քսանհինգը։ Ինչո՞վ է պայմանավորված էս հինգի գալը․․․ ամեն անգամ պտի ծախսեր անեն, էդ մեծ ինքնաթիռը դատարկ գա։ Ինչի՞ օրինակ 6 հոգի չբերեց, էլի 5։ Արդեն սկսում ես մտածել, որ միտումնավոր ինչ-որ հարցեր կան։ 

-Ակնարկը ո՞րն է, փո՞ղ աշխատել, թե՞ Հայաստանի վրա ճնշում գործադրել։

-Կարա և փող աշխատել լինի, և ճնշում էլ, ամեն ինչ էլ հնարավոր ա։ Կարող է և տարածք է ուզում, որ նորից ամբողջությա՞մբ տա։

-Իսկ ընդհանուր տեղյա՞կ եք, որ գերիները գալիս են, ինչ են պատմում այնտեղ գերությունից։

-Գերիները ոչ մի բան էլ չեն պատմում, գերիները հենց սամալյոտից իջնում են, գերիների բերանները քննիչները կարում են։ Թե հիմա ո՞վ է կարողը, էդ էլ չեն կարա իմանանք։

-Իսկ առողջական վիճակներն ինչպե՞ս է։ 

-Շատ լավ, ի՞նչ է եղել որ։

- Իսկ Ձեր քրոջ որդուն տեսե՞լ եք գերիների մեջ, ունե՞ք տեղեկություններ։ Ինչու, որովհետև Դուք էլ էիք օդանավակայանում։

-Ես երբ լսեցի քանակը՝ 20-25 հոգի, ես 50/50-ով ուղղակի գնացի, որովհետև էս 4 ամիս ման գալուց հետո մենակ Աստված գիտի, թե էլ որտեղ չեմ եղել։ Մնում էր՝ ինքնուրույն Ադրբեջան մտնեի, որ ես էրեխուց տեղեկություն իմանայի։

-Ձեր քրոջ որդուն վերջին անգամ որտե՞ղ էին տեսել։

-Հադրութի դպրոցում ա եղել էրեխեն, վերջին անգամ հետս խոսել է հոկտեմբերի 10-ին, ժամը 10-ին։

-Իսկ մտածում եք, որ գերի՞ է։

-Եթե հետաքրքրվում ես, ոչ կարում ես, հեռու իրենից, դին գտնել, ոչ կարում ես կոնկրետ տեղեկություն ստանալ․․․ սաղ ասում են՝ տեսել ենք, դաժե՝ մարդ է եղել, ասաց՝ իմ կողքն ա եղել։ Ես գնացել եմ, էդ տղուն բերել եմ, էդ զինվորին ուղարկել եմ որոնողական աշխատանքների, որ կոնկրետ տեղը ցույց տա․․․ Եթե հեռու իրանից՝ զոհվել է, թող տեղը ցույց տա, գոնե էրեխուն բերեն։ Գնում ես, չես գտնում, լիքը էրեխեք ասում են, որ տեսանք, որ Գևորգը վիրավորվեց, իջանք, որ օգնություն ցույց տայինք, 15 րոպե հետո էդ տեղում չէր Գևորգն արդեն։ Ես ի՞նչ մտածեմ։ Ինքն ա եղել վաշտից (Գևորգը ծառայելիս է եղել Ջաբրայիլում) ու սերժանտն ա եղել մալադոների, ինքը արդեն պտի տասն օր առաջ տուն էկացած լիներ։

-Իսկ իր հրամանատարը ո՞ղջ է, խոսե՞լ եք հետը։

-Սաղ էլ ողջ են, բոլորն էլ ողջ են, բացի էրեխեքից։ 

-Իսկ խոսե՞լ եք հրամանատարի հետ։

-Էհհհ․․․ հա, բա ինչ եմ արել։ Բոլորի հետ։

-Այս պատերազմի մասին շատ խոսվեց, նաև ասվեց՝ եղել են հրամանատարներ՝ մինչև վերջ զինվորի հետ մնացել են, կան, որ լքել են։

-Գլուխը պատին է տվել, մինչև վերջ մնացել են։ Եթե մինչև վերջ մնացած լիներ, էն մյուս հրամանատարների պես, հեռու իրանցից, իրանք էլ հետ չէին գա։ Իսկ ով որ հետ ա եկել, կոնկրետ փախնողներն են հետ եկել։ Լավ, տասի միջից երկուսը մի ձև դուրս էկացած լինեն։ Հադրութում ու Ջաբրայիլում ամեաթեժ բոյերն են եղել, որի ժամանակ զորքը թողինք սերժանտի հույսին։ Փախել են, դրա համար էլ սերժանտ մնացել է էդ 11 մեկ օրվա էրեխու հետ, խիղճը չի տարել, որպես ախպեր, որպես ընգեր, ինքն էլ փախնի էն մյուս աֆիցերների պես։ Դրա համար էլ, ես 4 ամիս ա, ման եմ գալիս, չեմ գտնում, իսկ էդ հաստավզերին որին զանգում ես, պատասխանում ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել