Hraparak.am-ը գրում է.

Փետրվարի 7-ին հայ ուխտավորների մուտքը Դադիվանք արգելվել է, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վանական համալիր գնացած ուխտավորներին ադրբեջանցիները թույլ չեն տվել մտնել ներս։ Այս մասին նախօրեին տեղեկացրեց «Ազատ Արցախը»՝ նշելով, որ խմբին միացած են եղել նաեւ հոգեւորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգեւոր դասի ներկայացուցիչներին։ Ադրբեջանցիներն արգելել են հոգեւորականների ու ուխտավորների մուտքը՝ պատճառաբանելով, թե տեղեկացված չեն եղել խմբի մասին։ Նրանք ստիպել են, որ խումբը վերադառնա Գետավան ու սպասի ճշտումների, սակայն 3 ժամ անց՝ այդ ճշտումներից հետո, կրկին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք։ 

Ի՞նչ պատճառով է արգելվել հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, հնարավո՞ր է ադրբեջանցիները Դադիվանքի հետ կապված նոր հրաման կամ պայմանավորվածություն ունեն, որի մասին տեղյակ չեն հայկական կողմը եւ ՌԴ խաղաղապահ ուժերը․ Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք ժամանակին ռուս խաղաղապահներին ուխտավորների թվաքանակ ենք ներկայացրել` շաբաթական 25-30 հոգու այց Դադիվանք, բայց պարզվում է, որ մյուս կողմին դա բավարար չէ, նրանք անվանացուցակ են ուզում: Եվ պատճառը դա է եղել, որ ինչու ֆիքսված չէ անվանացուցակը` նաեւ պատճառաբանելով, որ երբ Ադրբեջանի կողմից ուխտավորներ են գալիս, իրենք անվանացուցակ են տալիս, տրանսպորտի համարանիշը, այսինքն՝ փոքր-ինչ մանրամասնված լինի այցի բնույթը, եթե այդպես լինի, իրենք արգելք չեն դնի: Հիմա մենք փորձում ենք այս շաբաթ արդեն նախօրոք անվանացուցակ ներկայացնել խաղաղապահներին, նրանք էլ ներկայացնեն ադրբեջանական կողմին... մի քիչ դժվարանում է, բայց կփորձենք դա էլ անել»: 

Խնդիրն ավելի շատ ուխտավորների ինքնությա՞ն մեջ է, այսինքն, թե ովքեր են նրանք, որտեղից, թե՞ սահմանված թվաքանակը չանցնելու։ «Երեւի երկուսն էլ, ամեն ինչ էլ ուզում են իմանալ, թե ով է գնում-գալիս, կարող է ինչ-որ մեկը մտածի, որ իրենց մեջ ինչ-որ քողարկված անձինք են, դրա համար մենք նորմալ կտանք այդ անվանացուցակը, որ դրանք մեր եկեղեցու հավատացյալներ են եւ գնում են իրենց ուխտն անելու: Մենք թաքցնելու բան չունենք եւ կտանք այն, ինչն իրականությանը համապատասխանում է»: Ինչ վերաբերում է այդ օրը Դադիվանք գնացող ուխտավորների թվաքանակին, Արցախի թեմի առաջնորդը նշում է, որ այն չի գերազանցել 30-ը. «26 հոգի էին, մենք իրավունք ունենք 25-30, ուղղակի նրանք ուզում էին բոլորի անձնական տվյալները` անվանացուցակով, որպեսզի համեմատեին, ստուգեին անձերի ինքնությունը, կարող է հետին միտք ունեն, չգիտեմ..., բայց առայժմ դա են ուզում»:

Հնարավոր համարո՞ւմ է, որ այս տեսակ միջադեպերը կրկնվեն, եւ ադրբեջանական կողմը հաջորդ անգամ այլ պատճառաբանություն ներկայացնի` արգելելով հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ «Չեմ կարող ասել, բայց ամեն ինչ էլ հնարավոր է..., որովհետեւ եթե մենք նայում ենք իրենց գործելաոճին, ցանկացած բան էլ հնարավոր է, առայժմ միայն անձնական տվյալներ եւ անվանացուցակ են ուզել, խաղաղապահներն էլ ասել են, որ տանք, մենք էլ տալիս ենք, կարեւորը՝ մեր ուխտավորը գնա, իր աղոթքն անի եւ վերադառնա։ Սա է մեր մտածումները»:

Հայկական կողմը եռամսյակը մեկ պետք է թարմացնի ՌԴ խաղաղապահներին տրվող տվյալները` ուխտավորների թվաքանակի, տրանսպորտային միջոցի, նրանց գալու եւ գնալու ժամերի հետ կապված: Քանի որ առաջիկայում եղանակը կտաքանա, եւ տուրիստական հոսքերն էլ աշխարհի տարբեր ծայրերից կշատանան, ըստ այդմ ուխտավորների թվաքանակը կշատացնեն. «Գուցե դարձնենք 60-70, դա արդեն իրենց հետ կխոսենք՝ նպատակահարմա՞ր է այդպես անել, թե՞ ոչ, եթե գտան, որ նպատակահարմար է, խնդիր չկա, կավելացնենք, առայժմ՝ մինչեւ մարտ ամիս, առաջին եռամսյակում նախատեսված է 25-30 ուխտավոր»։ Արցախի թեմի առաջնորդն ընդգծում է, որ իրենք այդ ցուցակն անմիջապես ՌԴ խաղաղապահներին են ներկայացնում, հենց նրանք են հայ ուխտավորներին ուղեկցում եւ առաջնորդում դեպի վանք:

Ինչ վերաբերում է ուխտավորների անվտանգությանը, Արցախի թեմի առաջնորդը չի կարծում, որ առանձնապես վտանգի հարց կա, ավելի շատ տեխնիկական բնույթի խնդիրներ են. «Նաեւ պահանջ են դնում, որ նկարողներ, լրագրողներ չլինեն, մենք էլ փորձում ենք նկարահանողներ չտանենք, տեսանկարահանումն արգելված է վանքի տարածքում, չգիտեմ՝ եթե կարեւոր նկարահանում լինի, եւ նախօրոք տեղյակ պահվի, գուցե այլ մոտեցում լինի, եւ բանակցությունների միջոցով թույլատրեն, բայց առայժմ արգելված է»:

Անդրադառնալով Դադիվանքի հոգեւոր կյանքին, Արցախի թեմի առաջնորդը նշեց, որ ամեն ինչ նորմալ ընթանում է, օրական 4-5 անգամ ժամերգություն է լինում, նաեւ՝ պատարագներ, իսկ վանքում ծառայություն է մատուցում 6 հոգեւորական, որոնք մշտապես մնում են այնտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել