Pastinfo.am-ը գրում է․

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արցախի ՊԲ-ն իր գործունեությունը շարունակի Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում: Միգուցե լինեն կառուցվածքային որոշակի փոփոխություններ, բայց հիմնական դերակատարությունը պետք է շարունակի Արցախի բանակը, հատկապես՝ համագործակցելով ՀՀ Զինված ուժերի և այսօր այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարության հետ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել Հայաստանի և Արցախի ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն՝ ժամկետային զինծառայողներին այլևս Հայաստանից Արցախ չեն ուղարկելու և Հայաստանի քաղաքացիները ծառայելու են բացառապես Հայաստանի սահմաններում։

ՊՆ նախկին նախարարը մեզ հետ զրույցում կարևորեց բանակի համալրման խնդիրների շուտափույթ լուծումը. «Գիտեք, որ այսօր ՀՀ Զինված ուժերը և Արցախի բանակը համալրվում են խառը համալրման սկզբունքով և ՛ ժամկետային, և՛ պայմանագրային ծառայողներ կան: Պայմանագրային ծառայողներ նկատի ունեմ սպաներ, ենթասպաներ, պայմանագրային սերժանտներ և զինվորներ:

Դա նշանակում է, որ պայմանագրային տարրը պետք է ավելացվի, համապատասխան աշխատանք պետք է տարվի զինվորական ծառայության գրավչության բարձրացման, զինվորական ծառայության պայմանների և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց ՊՆ նախկին նախարարը:

Արձագանքելով մեր այն դիտարկմանը՝ արդյո՞ք սրանով կարող ենք արձանագրել, որ Հայաստանը այլևս դադարում է լինել Արցախի անվտանգության երաշխավոր, Սեյրան Օհանյանն ասաց.

«Մենք ունենք Սահմանադրություն, որը չի փոփոխվել: Ամեն ինչ կախված է, թե մեր երկրի ղեկավարությունը, որոնց նկատմամբ վստահությունը հավասարվել է զրոյի, ինչպես կբանակցեն և ինչ իրավիճակում կպահեն Արցախի խնդրի լուծման հարցը»,-ասաց ՊՆ նախկին նախարարը:

Անդրադառնալով Սյունիքում վերջերս արձանագրված հերթական միջադեպին, երբ ադրբեջանական զորքերը իրենց դիրքերը առաջ էին բերել Ներքին Խնձորեսկի տարածքում, Սեյրան Օհանյանը նկատում է, որ այս ամենը հետևանք է նրա, որ ՀՀ համապատասխան մարմինները, ղեկավարությունը համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո պահպանել դիրքերը, որտեղ զորքը անցել է պաշտպանության, հատկապես՝ ՀՀ սահմաններում:

«Համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվում՝ հիմք ստեղծելու հետագայում դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը լուծելու համար: Դա նշանակում է, որ պետք է ամեն ինչ անել և խելացի բանակցային միջոցառումների շրջանակներում կանգնել այն վայրերում, որտեղ կանգնել են: Այդ ամեն ինչը պետք է իրականացվի սահմանագծման կանոնների համաձայն: Պետք է լինի խաղաղության պայմանագիր, պետք է կազմվեն հարևանների հետ հանձնաժողովներ, որոնք այդ ամենը կիրականցնեն»,-ասաց Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարը վստահեցնում է՝ ամենավտանգավորն այն է, որ եթե առանց այդ գործընթացի դիրքեր, ռազմավարական նշանակության հատվածներ, ճանապարհներ են հանձնվում հակառակորդին, ապա հետագայում սահմանագծման ժամանակ շատ դժվար է լինելու հիմնավորել, որ նրանք այդ տարածքներից հետ քաշվեն.

«Իսկ թե, որ քարտեզների հիման վրա են դրանք իրականացվում, անհայտ է, որովհետև Խորհրդային միությունում բազմաթիվ քարտեզներ են եղել և այդ քարտեզներում շատ տարածքներ՝ օրինակ Շուռնուխ գյուղը Հայաստանի հատված է»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Պն նախկին նախարարը կարծում է, որ այս իրավիճակը թույլ է տալիս, որպեսզի հակառակորդը անընդհատ թելադրանքի պայմաններով խոսի ՀՀ ղեկավարության հետ.

«Երկար տարիներ Հայաստանն է եղել պարտադրողի դերում, բայց հիմա պարտված կողմը գտնվում է ճնշումների ներքո, և դրա համար է, որ մենք ասում ենք՝պարտված իշխանությունները պետք է զիջեն իրենց տեղը, որպեսզի ավելի խելացի ավելի համարձակ ղեկավարներ և բանակցողներ մեր երկիրը ղեկավարեն: Կարծում եմ մեր երկրի ճակատագրի հետ նրանք իրավունք չունեն խաղալու և յուրաքանչյուր գիտակից անձնավորության համար հասկանալի է, որ նրանք պետք է թողնեն իրենց պաշտոնները»,-մեզ հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել