Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանցիները կրկին դիրքերի տեղաշարժ են արել՝ մի քանի մետր կորզելու հույսերը կրկին արդարացել են ու անպատասխան մնացել ՀՀ իշխանությունների ու ռազմական գերատեսչությունների կողմից։

«Երեկ ադրբեջանական կողմը Ներքին Խնձորեսկում մի քանի տեղերում՝ սահմանային հատվածում դիրքային փոփոխություններ է կատարել՝ հիմք ընդունելով իրենց GPS կոչվածը։ Ավելի են խորացել դեպի Ներքին Խնձորեսկ՝ ասելով, որ այդ տարածքը եւս իրենց է պատկանում։ Գալիս, կանգնում են ու ասում, որ սա իրենց սահմանն է»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զորքերի՝ Ներքին Խնձորեսկ մտնելու տեղեկություններին։ Հովսեփյանը եւս հաստատեց, որ ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղ չի մտել, սակայն նշեց, որ դիրքերն ավելի են մոտեցրել Ներքին Խնձորեսկին։

«50 մետր առաջ են գալիս, ասում են սա է մեր սահմանը, ուղղակի մի քիչ մոտեցել են, առանց այն էլ մի քանի մետրի վրա էին, մի քանի մետր էլ են մոտ, բայց մեր Ներքին խնձորեսկցիները պինդ են, հաստատակամ իրենց տեղերում կանգնած են խնդիր չկա»։

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 3-ի դրությամբ, Ադրբեջանի հետ սահմանը Խնձորեսկի վերջին տնից գտնվում էր ընդամենը 600 մետր հեռավորության վրա, այս օրերին էլ ադրբեջանցիները չափագրումներ էին անում։ Երվանդ Մալունցը հայտնել է, որ վերջին օրերին տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման աշխատանքներ։ Գյուղապետը շեշտում է՝ գործընթացը խաղաղ է ընթանում։ Այստեղ ևս պետական սահմանը ճշտվում GPS-ի միջոցով:

Հովսեփյանը նշեց, թե չգիտի ի՞նչ քարտեզներով է աշխատում համակարգը, մտածում է՝ կառավարությունը կպատասխանի այդ հարցին, թե ի՞նչ քարտեզի տակ են ստորագրել, որովհետև փաստացի, խորհրդային քարտեզներով շատ ավելի շատ տարածքներ են Սյունիքին պատկանել։ Իսկ այս պահին հստակ չգիտեն, թե թշնամին երեկ քանի մետր է առաջ եկել։

«Այն, որ ամեն օր այդ պրոցեսը շարունակվում է։ Իրենք ստորագրված՝ կեղծիք հանդիսացող փաստաթուղթը ու GPS համակարգով նշված ցանկացած մետրին տիրություն են անում»։

Թե ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, Հովսեփյանը չգիտի, մի բան պարզ է՝ շիլաշփոթը շարունակվում է, ով, ինչ ուզում անում է.

«Գալուց ո՞ւմ տեղյակ պահեն։ Այնտեղ մի քանի տեղ մեր համայնքում սահմանապահներ են կանգնած, մի քանի տեղ ռուս սահմանապահներն են կանգնած և վերջ»։

Հովսեփյանը կատարվածը խայտառակություն և պետական դավաճանություն է համարում, գտնում, որ հիմա էլ տեղի է ունենում դրա տրամանական շարունակությունը։

«Նոր բան հո՞ չի եղել։ Մի քանի ամիս է մենք այս ամեն ինչի մեջ ենք»։

Իսկ կառավարության այն դիրքորոշմանը, թե տեղի ունեցողը անվտանգային գործողություն է, ու սահմանազատում չի կատարվում, հստակ պայմանավորվածություններ չկան, Հովսեփյանը ցինիզմ է համարում։

«Կառավարության այդ պատասխանը աբսուրդի ժանրից է՝ եթե չկա պայմանավորվածություն, ինչո՞ւ են թույլ տալիս նրանք ավելի ու ավելի խորանան մեր երկրի սահմաններում։ Ես իրենց հակադարձող հարց եմ տալիս՝ այսինքն իրենք հերթական հեքիաթն են փորձում մեզ հրամցնե՞լ, որ չկա պայմանավորվածություն։ Ես էլ ասում եմ, որ հստակ գոյություն ունի պայմանավորվածություն, բոլոր քայլերն արվում է ըստ պայմանավորվածության՝ դա ակնհայտ է։ Եթե չկա պայմանավորվածություն, որ սահման են գծում, եկեք թույլ մի տվեք, ինչ-որ մի բան արեք, որ այդ պրոցեսն այդպես չգնա, ո՞ւր եք չկաք։ Մենակ գալով, խոսելով, այդտեղից ելույթ ունենալով չէ»։

Փաստը մեկն է՝ օր օրի զիջվում են հայկական հողեր. խորհրդային, հետխորհրդային քարտեզներով, այնտեղ մարդկանց սեփական հողատարածքներն են, վարելահողերն են։ Դա հիմք է տալիս Գորիսում եզրակացնելու, որ պրոցեսից ղեկավարությունը տեղյակ չէ. «զրո տեղեկություն, զրո արձագանք, զրո էմոցիա՝ ոչ մի բան իրենց չի հետաքրքրում։ Իրենք համարում են, որ դա նորմայի սահմաններում է»։

Հովսեփյանը եզրափակեց՝ դավաճանական պայմանագիր է կնքվել, դրա սցենարով էլ «նորմալ» գնում է ամեն ինչ. «Իրենց համար նորմալ, մեր համար աննորմալ, բայց իրենց գծածով, չափածով, տեղը տեղին ամբողջ պրոցեսը առաջ է ընթանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել