HMD Global ընկերությունը կթողարկի Nokia ստեղներով լեգենդար հեռախոսի նոր տարբերակը։ Այդ մասին հայտնել է Mobiltelefon-ը՝ հղում կատարելով սեփական աղյուրներին։

Նախատեսվող սարքավորումը կդառնա Nokia 3650 հեռախոսի նոր ու թարմացված տարբերակը։ Հիշեցնենք, որ հեռախոսը ստեղծվել էր 2003 թ.։ Այն մտնում է ընկերության դիզայներական մոդելների թվում, այսինքն՝ ունի ոչ սովորական դիզայն։ Գադջեթը թողարկվել էր գունավոր էկրանով, որի ներքևում` մեջտեղում, ֆիզիկական ստեղնաշար էր տեղադրված՝ շրջանաձև տեսքով։

Լրագրողները տեղյակ չեն՝ արդյոք կպահպանի՞ ընկերությունը հեռախոսի նախնական տեսքն ու դասավորությունը և թե ի՞նչ նոր առանձնահատկություններ կունենա «վերակենդանացող» տարբերակը։ Ըստ որոշ աղբյուրների՝ նոր հեռախոսի անոնսը պետք է կայանա մոտակա շաբաթների ընթացքում։ Արժեքի մասին դեռևս հայտնի տեղեկություններ չկան։

Nokia 3650-ը շուկայում հայտնվել է 2003 թ. փետրվարին։ Հեռախոսն ուներ 176x208 պիքսել ունեցող էկրան, հիմնական 0.3 մեգապիքսել տեսախցիկ, 4 մեգաբայթ ներքին հիշողություն, ինֆրակարմիր պորտ և Bluetooth:

Ընկերությունը նախկինում ևս վերաթողարկել է Nokia հեռախոսների որոշ հին մոդելներ։ 2020 թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ HMD Global-ը պատրաստվում է թողարկել Nokia 8000 4G սմարթֆոն, որն, ըստ էության, կդառնա 2000-ականներին հայտնի Nokia 8800 հեռախոսի վերածնված տարբերակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել