Panorama.am-ը գրում է. 

Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին արդեն  իսկ հայտնի դարձավ, որ Վարդենիսի շրջանում գտնվող Սոթքի  ոսկու հանքավայրն աշխատելու է սահմանափակ  քանակությամբ։ Արդյունքում, արդեն նախկին աշխատակիցներից մեզ տեղեկացրեցին, որ հարյուրավոր մարդիկ գործազուրկ են մնացել։

«Ադրբեջանցիները քարտեզներով եկան մտան հանքի տարածք, հետո էլ պարզվեց, որ դա էլ մերը չի, հանձնել ենք։ Հետո էլ ընկերությունից թուղթ տվեցին, որ կրճատվել ենք, գործի չենք գնալու։ Բա մենք ինչ անենք, ամեն աշխատող մի ընտանիք է պահում։ Իմ երեխեքին ես ինչով եմ կերակրելու, հաց առնելու։ Հարյուրավոր ընտանիքներ տարբեր ռայոններից մնացին սոված»,- «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց հանքի աշխատակիցներից մեկը, որը դեկտեմբեր ամսից գործազուրկ է։

Հանքավայրը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Ընկերության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս պահին այն սահմանափակ քանակով է աշխատում։ Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա մեզ հայտնեցին, որ ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված, աշխատակիցներին ուղարկել են հարկադիր պարապուրդի.

«Ընկերության կողմից աշխատատեղերի կրճատման ծանուցում չի եղել։ Այս պահին 713 հոգի աշխատում է ընկերությունում, իսկ 268 հոգի ոչ վճարովի պարապուրդում են,նրանց հետագա ճակատագիրն անորոշ է։ Այն ինչ կարող է առաջարկել ընկերությունն այս պահին այն է, որ եթե այլ արտադրական մասերում լինում է թափուր հաստիք, առաջարկվում է պարապուրդում գտնվող անձանց, մինչև պարզ կդառնա նրանց հետագա ճակատագիրը»։

Ընկերությունից նաև փոխանցեցին, որ ամեն դեպքում առաջիկա մեկ տարում պարապուրդում գտնվող անձանց ճակատագիրն անորոշ կմնա, քանի որ բյուջեով արդեն իսկ հաստատվել են սահմանափակ աշխատատեղեր։

Դեռևս տարածքների սահմանազատման աշխատանքներն ավարտված չեն։ Սակայն, պարզ է, որ հանքավայրի արտադրական ծավալները նվազել են՝ տարածքները կորցնելու հետևանքով։ Թե որքան հատված է մնացել, որքանն ենք կորցրել, ընկերությունը դեռ չունի հաշվարկներ։ Ասում են՝ տարածքների չափագրումից հետո, նոր պարզ կլինի թե որքան է կազմում կորուստը՝ ըստ ծավալների և մասշտաբների։

Տնտեսագետ  Հայկ Մնացականյանը «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց, որ հանքավայրի աշխատանքի ծավալի կրճատման հետևանքներն ավելի ակներև կլինեն մեկ-երկու տարվա ընթաcքում, երբ նվազեն բյուջե կատարվող մուտքերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել