News.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում արդարադատությանը խոչընդոտելու, դատավորին զրպարտելու եւ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է պարունակել։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու Հատուկ քննչական ծառայության եւ Դատախազության որոշումների դեմ ընթացող բողոքի քննության ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ բողոքի քննությանը դատախազը եւ քննիչը չէին ներկայացել՝ աշխատանքային խիստ ծանրաբեռնվածության պատճառով։

Նա շեշտեց՝ առաջիկայում կտեսնենք, որ վարույթն իրականացնող մարմինը չի դիտել այդ հայտարարությունը որպես սպառնալիք։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին՝ Արցախի շրջանները Ադրբեջանին հանձնելու օրը, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր քաղաքացիներին պատրաստվել վրեժ լուծելուն։

«Նշված հանցագործության օբյեկտ հանդիսանում են հասարակական այն հարաբերությունները, որոնք միտված են անձի ազատության, պատվի եւ արժանապատվության պաշտպանությանը։ Օբյեկտիվ կողմից արարքը դրսեւորվում է գործողություններով՝ սպառնալիքներ հնչեցնելու եղանակով։ ՀՀ վարչապետն իր լիազորությունների շրջանակում վերահսկողություն ունի ուժային կառույցների նկատմամբ, ում ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաշվետու են նաեւ իրավապահ մարմինները։ Հստակորեն առանձնացնում է հասարակության այն ներկայացուցիչներին, ումից պետք է վրեժ լուծել։ Ավելին, Փաշինյանը ոչ միայն ինքն է պատրաստվում վրեժ լուծել, այլ նաեւ նման կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ հրահրելով քաղաքացիական պատերազմ։ Հատկանշական է, որ վարչապետը հասարակությունը բաժանելով արժանապատիվ եւ ոչ արժանապատիվ քաղաքացիների, որտեղ, ըստ իրեն, ,արժանապատիվ են իր դիրքորոշումը կիսողները, կոչ է անում հանել զոհված զինվորների եւ կորսված հայրենիքի վրեժը հասարակության մյուս հատվածից՝ ոչ արժանապատիվ քաղաքացիներից»,- նշեց փաստաբանը։

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ցանկացել է վրեժ լուծել, այլեւ վրեժի լուծմանը կոչ է արել ներգրավվել այլ անձանց, որը, ըստ փաստաբանի, պետության վարչապետի կողմից անընդունելի ու դատապարտելի է. «Զինվորական համազգեստով անձանց խոսքերը տարածում եւ խրախուսում են ոչ միայն վարչապետն ու նրա քաղաքական թիմը, այլեւ Հանրային հեռուստաընկերությունը»։

Նա ընդգծեց, որ բավականին տեւական ժամանակ վարչապետի կողմից անձամբ թիրախավորված է եղել դատական իշխանությունը, ընդհուպ սպառնալիք է հնչել դատական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ։

Փաստաբանը դատական իշխանության նկատմամբ ճնշումներ իրականացնելու մասով մատնանշեց նաեւ մի շարք քաղաքական գործիչների ձերբակալումները, որոնց դատարանները չկալանավորեցին։ Այդ առնչությամբ Հովհաննես Խուդոյանն ընթերցեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորներին ուղղված հայտարարությունը։

Խուդոյանն իր հայտարարությունում անդրադարձավ նաեւ դատարանները շրջափակելու Փաշինյանի կոչին։

Փաստաբանի խոսքով՝ այդպիսի քայլերով հրահրվում է թշնամանք՝ դատական իշխանության նկատմամբ։

Փաստաբանները նկատել են, որ նշված հայտարարությունները պարունակում են ՀՀ ՔՕ 332-րդ (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը) հոդվածի հանցակազմի հատկանիշներ։

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ առաջնագծի զինվորներին ուղղված վարչապետի կոչին անդրադարձել է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

«Մեր հաղորդման եւ բողոքների նման կերպ պատասխանելը որեւէ աղերս չունի Քրեական դատավարության կարգավորումների հետ, որեւէ կերպ չի երաշխավորում ցանկացած հաղորդում ներկայացնող քաղաքացու իրավունքները»,- ասաց փաստաբանը։

Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով էլ՝ դատական համակարգին զրպարտելը բերել է նրան, որ վարչապետը զրպարտելուց հետո էլ ասում է՝ այս մարդուն չեմ վստահում. «Երբ վարչապետը զրպարտում է դատարաններին, դրանից հետո հնարավոր է, որ վարչապետը պնդի՝ դատարաններին չեմ վստահում։ Երբ մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, պետք է մոռանանք որ ինքը ժուռնալիստ է, խմբագիր է, որ ինքը թերթ է գրում, մենք պետք է պատկերացնենք երկրի վարչապետ։ Մեղավոր չենք, որ վարչապետի պաշտոնը սարքել են ոչ լուրջ պաշտոն, սա ենք պետք է դիտարկենք որպես երկրի համար մեկ քաղաքական պաշտոնյայի կողմից արված հայտարարություն։ Եթե քրեադատավարական, քաղաքացիաիրավական գնահատական արդարացիորեն չի ստանում այս գործողությունը, վարչապետն իրեն պահում է այնպես, իրեն թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, ինչը նույն մարդը եթե նախկինում իրեն թույլ էր տալիս, մենք ունենում ենք այն, ինչ ունենում ենք այսօր»։

Օրբելյանը շեշտեց, որ 2,5 տարի գործադիր իշխանությունը զրպարտել է դատական իշխանությանը, միջամտել դատական իշխանության գործունեությանը, ճնշումներ գործադրել դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, անվանել «վնգստացող» որեւէ դատավորի, որի իրավունքը, ըստ փաստաբանի, որեւէ մեկը չուներ։

«Միայն այն արտահայտությունը՝ էս երկրում ինչի դատավոր կա, որ իմ ասածը չանի՞, դա ինքնին արդեն հանցագործություն է։ Այդ փաստի հիման վրա քննություն չի իրականացվել»,- ասաց Օրբելյանը։

Դատարանը լսելով փաստաբանների բողոքը՝ դատական նիստը հետաձգեց եւ նշանակեց փետրվարի 17-ին, ժամը՝ 16։30-ին։

Նշենք՝ հաղորդում ներկայացրած փաստաբանները համոզված են, որ վարչապետի այդ հայտարարությունը պարունակում է ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի հատկանիշներ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել