Pastinfo.am-ը գրում է․

Թուրքիայի հետ որեւէ բանակցություն չի վարվում ճանապարհների ապաշրջափակման, մասնավորապես, Կարս-Գյումրի ճանապարհը բացելու շուրջ: Այս մասին «Եռաբլուր» զինվորական  պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Նախարարը՝ ճանապարհների ապաշրջափակման թեմային անդրադառնալով նշեց, որ որեւէ կոնկրետ նախագիծ հստակեցման առարկա չէ: Այվազյանը նշեց նաև, որ Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը խոսել են կոմունիկացիաների բացման, հնարավոր գործարկման պայմաններում տարածաշրջանում առաջացող հնարավորությունների և մարտահրավերների մասին։

Նախարարն ընդգծեց՝ որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության ու անվտանգության մասին, նախ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, որը ձևավորվում է կարևոր հարցերի լուծման պարագայում, նախ՝ մեր գերիների ազատ արձակման հարցում։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ հումանիտար հարց է ու եթե այս հարցը շարունակվի շահարկվել, վստահ է՝ Ադրբեջանի համար լինելու է խնդրահարույց։

«Արցախի հիմնահարցը լուծված չէ։  Կա հիմնական, առանցքային հարցը՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի մասին խոսել են նաեւ համանախագահող երկրները՝ ԱԳ նախարարների մակարդակով»,- ասաց նախարարը։

Դիտարկմանը, որ եռանախագահող երկրները որեւէ հստակեցում չեն մտցնում Արցախի կարգավիճակի որոշման ժամկետների հետ կապված և հարցի շուրջ երբ կլինեն վերջնական հայտարարություններ, Արա Այվազյանն ասաց.

«Վստահ եմ, որ հետեւել եք ՄԽ համանախագահների, ինչպես նաեւ այդ երկրների ԱԳ նախարարների հայտարարություններին, որոնք նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնցից առաջինը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը: Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել։ Շուտով ակնկալում ենք նրանց առաջիկա այցը տարածաշրջան: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Անկախ այս ամենից, Ադրբեջանը հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը փակված է։ Այս առումով ԱԳ նախարարը նշեց, որ եթե խոսում ենք տարածաշրջանում կայունության, խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր փոխըմբռնում լինի։

«Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ եւ պարտվողներ: Բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»,- եզրափակեց Արա Այվազյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել