Covid-19-ով վարակված յուրաքանչյուր ութ անձից մեկի մոտ ախտորոշվում է հոգեկան կամ նյարդաբանական հիվանդություն վիրուսի առկայության վերաբերյալ դրական եզրակացություն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում։

Հետազոտության ընթացքում պարզ է դարձել նաև, որ կորոնավիրուսով վարակված, սակայն հիվանդանոց չայցելած յուրաքանչյուր 9 մարդուց մեկը տառապել է նաև դեպրեսիայով։ Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները։

Գիտնականներն օգտագործել են էլեկտրոնային առողջության գրառումներ՝ գնահատելու համար ԱՄՆ-ում 236,379 հոսպիտալացված և ոչ հոսպիտալացված հիվանդների, որոնք վարակվել են կորոնավիրուսով՝ համեմատելով այդ տվյալները գրիպով և շնչափողի բորբոքումներով տառապող մարդկանց տվյալների հետ։

Հետազոտության, որի ընթացքում հաշվի են առնվել հիվանդների տարիքը, սեռը, ֆիզիկական և հոգեկան վիճակը, արդյունքում պարզ է դարձել, որ նյարդաբանական կամ հոգեկան խնդիրներ կորոնավիրուսով վարակվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, առաջացել է մարդկանց 33,6%-ի մոտ։ Ի դեպ, շատերի մոտ նման հիվանդություններ ի հայտ են եկել առաջին անգամ։

Այն հարցին, թե նման հիվանդությունները որքան ժամանակ են շարունակում առկա լինել կորոնավիրուսից հետո, գիտնականները պատասխանել դեռևս չեն կարողանում։

Այն տեսությունը, որ նշված հիվանդությունները կարող են պարզապես հայտնաբերված չլինել մինչև կորոնավիրուսով հիվանդանալը, ևս չի բացառվում, սակայն գիտնականները դա քիչ հավանական են համարում։ Հետազոտությունը չի ապացուցում, որ հիվանդությունների անմիջական պատճառը կորոնավիրուսն է, սակայն ցույց է տալիս, որ Covid-19-ը մեծ ազդեցություն է ունենում ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել