Հովիկ Վարուժանի Վերանյանը ծնվել էր 2001 թվականի հուլիսի 13-ին Գագարին գյուղում։ 2007 թվականին կատարել է դպրոցական առաջին քայլերը։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում ծրագրավորում մասնագիտությամբ։ Երազանքն էր, որ ընդունվի բարձրագույն հաստատություն և խորացնի մասնագիտական աճը։ 2.5 տարի ուսանելուց հետո 2019 թվականի դեկտեմբերի 16-ին զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայության է անցել ք․ Աշտարակի Մուղնու ՀՕՊ զորամասում որպես «իգլիստ»՝ Հայրենիքին ծառայել որպես պատվով ու արժանի զինվոր։ Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, մեդալներով և շքանշաններով (լավագույն մարզիկ, արիության մեդալ): Ծառայության անցնելուց 6 ամիս անց տեղափոխվել է ԼՂՀ՝ ծառայությունը շարունակելու։ Հադրութում ընդամենը 2 ամիս ծառայելուց անց սկսվել է հայ-ադրբեջանական պատերազմը։ Պատերազմի ընթացքում եղել է ամենաթեժ գոտիներում, կռվել ու պայքարել հանուն հայրենիքի պաշտպանության։ Պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագծում է պայքարել, 2 անգամ ընկել է շրջափակման մեջ և բարեհաջող դուրս եկել։ Սակայն ընտանիքի անդամներին ասել է, թե ինքը ապահով վայրում է, և իրեն ոչ մի վտանգ չի սպառնում։

Բնավորությամբ այդքան համեստ Հովիկն իր քաջագործությունների և սխրանքների, ինչպես նաև դժվարությունների մասին երբևիցե չի բարձրաձայնել, կատարել է առաքելությունը հպարտ ու անձնվիրաբար։ Չնայած այս բոլոր հերոսություններին` նա էլ ընկավ հերոսաբար, հանուն հայրենիքի։ Զոհվեց հոկտեմբերի 21-ին Հադրութի Զինավան գյուղում պայթյունի հետևանքով։ Փառք մեր բոլոր նահատակված հերոսներին։

Գնացիր ու դարձար բանակի մի մասնիկը, որ հայրենիքի հանդեպ քո պարտքը կատարես։
Տվեցիր երդում ՝ «Անձնվիրաբար ծառայել հայրենիքիս և հանուն նրա չխնայել կյանքս»․․․ 
Պարտքդ տվեցիր, երդմանդ տերն եղար...

1 տարի առաջ տված ՔՈ երդմանը հավատարիմ մնացիր։ 
Կյանքդ չխնայեցիր հանուն հայրենիքի ու հենց նույն օրն էլ անմահացար...

Մինչև վերջին շունչը պայքարեցիր արյունարբու թշնամու դեմ հանուն մեզ, հանուն մեր վաղվա օրվա, բացվող խաղաղ առավոտի...

Բռնեցիր հավերժի ճամփան ... Երկինքը կանչեց ու տարավ ՔԵԶ,
Ամենասիրուն պարտեզում ՔՈ տեղը պահված էր...
ՔՈ անունը միշտ բարձր ենք պահելու ,
Նայելու ես մեզ ու հպարտանալու...
ՔՈ կյանքի գնով մեզ կյանք ես տվել,
Մեր վաղվա օրվան խաղաղություն բերել...
ՔՈ երազանքները զոհեցիր, որ մենք մերն ունենանք,
ՔՈ արյունով հողը ջրեցիր, որ նոր կյանքեր քայլեն էդ հողում...
Տվեցիր մեզ ապագա ու պայծառ երկինք,
Սիրահարված ես կյանքին ու սիրելով գնացիր,
Որ կյանք սիրողներն ապագա ու պայծառ երկինք ունենան ՔՈ սիրո հաշվին...
Ի պատասխան ՔՈ սխրանքի՝ մենք պիտի արժանի ապրենք,
ՔՈ փոխարեն ու ՔՈ համար...
Մեր անմահ ՀԵՐՈՍ, մեր հոգու լույս ...
ԴՈՒ ներկան ու ապագան ես, 
Հավերժ փառք ՔԵԶ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել