«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք: Ավելին՝ նա այն համարում է «հետադիմական և վնասակար մտածողություն»: Այս և ներքաղա­քական այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցու­թյան Կոտայքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ:

-Չե՞ք կարծում, որ, մեղմ ասած, բավական վտանգավոր ուղերձ է հղում Լենա Նազարյանը՝ ասելով, թե նրանք, ովքեր ասում են՝ կհզորանանք, կվե­րազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք, թող մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել:

- Լինելով պատմության մասնա­գետ և նաև բազային կրթությամբ՝ քաղաքագետ՝ իրականում կարծում եմ, որ ցանկացած պետության առաջխա­ղացման հիմքում շատ կարևոր է ունե­նալ ազգային գաղափարախոսու­թյուն: Ինչ-որ մի ժամանակից սկսած՝ շատ քաղաքական գործիչներ քամահ­րանքով էին խոսում հայրենասիրու­թյան, ազգային գաղափարախոսության մասին՝ դրանք համարելով կեղծ կատեգորիաներ: Սակայն վերջին ար­ցախյան պատերազմը ցույց տվեց, որ ազգային գաղափարախոսությունը կարող է անգամ 21-րդ դարում լինել կենսունակ: Ավելին՝ նրա որոշ դրույթներ կա­րող են ձևավորել ցան­կացած պետության արտաքին քաղաքականություն, որն այս օրերին իրականացրեց Թուրքի­այի Հանրապետությունը: Այնինչ մեզանում հայրե­նասիրությունը և ազգային գաղափարախոսությունը՝ ազգապահպանման և պետականաստեղծման առումով, կարծես թե, հետ քաշվեցին:

-Բավական ուշացած չէ՞ հիմա խո­սել ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին:

-Ես անուղղելի լավատես եմ և կարծում եմ՝ պատմությունը ստատիկ երևույթ չէ, այլ թերևս ամենադինամիկ զարգացող երևույթներից մեկն է: Ինչպես բազմիցս նշել են տարբեր հասարակական, քաղաքական, մշակու­թային գործիչներ, նաև ԱԺ ամբիոնից պատգամավորներ, այս ցավոտ պար­տությունը կարող է մեզ համար լինել զարգացման ելակետ, եթե կարողա­նանք մեր համազգային ներուժը համախմբել և հասնել հանրային համերաշխության, եթե այս օրերին անձնական, կուսակ­ցական շահը ավելի դատենք, քան մեր պետության շահն է, ապա առա­ջիկայում նույնպես դատապարտված կլի­նենք դարձյալ ունենալու սխալներ: Եվ, այո, շատ կարևոր է, որ այն սերուն­դը, որն այսօր սովորում է դպրոցում, կա­րողանա հասկանալ, որ երբեմն պարտու­թյունը ստիպում է վերարժևորել շատ կա­րևոր արժեքներ, որոնք կարող են դառնալ հենց պետության զարգացման հենասյու­ներից մեկը՝ կրթության շեշտադրումով․․․

-Ինչո՞ւ եք կարծում, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, եթե համա­րում եք, որ «Իմ քայլը» դեռ ունի ժողովրդի կողմից տրված քվե:

-Դուք իմ կարծիքը հարցրիք, ես էլ ասում եմ՝ գտնում եմ, որ կարելի է և պետք է գնալ արտահերթ ընտրություննե­րի: Նախ, երկրի ներսում շատ խանգարում են այս պահին ընդդիմության կողմից իրականացվող ակցիաները․․․

-Ի՞նչն է խանգարում իշխանությանը շարունակել աշխատել՝ այն մեկ ընդդիմա­դիր վրա՞նը, որ տեղադրված է Հանրապե­տության հրապարակում:

-Դե, այնուամենայնիվ, ինչ-որ խնդիր­ներ կան: Իհարկե, կողմ եմ, որ բոլոր բանակցությունները տեղի ունենան կլոր սե­ղանի շուրջ, որքան էլ տարբեր կուսակցություններ ունենք, որոնք ունեն տարբեր քաղաքական կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, միևնույնն է, բոլոր ծրագրերի վերջնական ակնկալվող ար­դյունքը մեր երկրի բարգավաճմանն ու զարգացմանն է ուղղված: Գուցե այստեղ իրականում խնդիրը լուծումների մեջ է, կամ՝ ընտրված միջոցների: Այսինքն՝ եթե ունենք վերջնական ակնկալվող ար­դյունք՝ ուժեղ և հզոր, և այս պահին մեջքն ուղղած հանրապետություն ունե­նալու, ապա լուծումները մի՞թե հնարա­վոր չէ համատեղել: Ի վերջո, ժողովրդա­կան ամեն թևավոր խոսքը մի ամբողջ բո­վանդակային գիրք է՝ «մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ»:

-Բայց ո՞ւմ հետ ընդդիմությունը գլուխ գլխի տա, երբ Ձեր իշխանությանը նախևառաջ մեղադրում են փորձառություն չու­նենալու մեջ:

- Եթե շատերը մեզ մեղադրում են, որ փորձառու չենք, նրանք ավելի փորձառու են, ապա ինչո՞ւ չի կարելի գիտելիքը և փորձառությունը գումարել իրար և ստա­նալ ակնկալվող արդյունքը, որը կներդրվի խնդիրների լուծման համար: Այլապես անընդհատ խոսել, որ արտաքին հարա­բերություններում ունենք խնդիրներ, բայց անընդհատ երկրի ներսում ունենալ խժդժություններ և ասել, թե իշխող մեծա­մասնությանն այլևս չեն վստահում, չունի ժողովրդի կողմից տրված քվե, չկա լեգիտիմության այն բարձր մակարդակը, որը կար 2018-19 թվականներին, ապա գուցե պետք է նորից ստանալ ժողովրդի քվեն:

Չնայած՝ այս խնդիրը նույնպես խորհրդա­րանական և արտախորհրդարանական ընդդիմության դաշտում է: Ինչպես գիտեք, ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը պարբերաբար հանդիպումներ են ունենում քա­ղաքական կուսակցությունների հետ: Եվ եթե, այնուամենայնիվ, գնանք արտահերթ ընտրությունների, այստեղ խնդիր չեմ տեսնում: ժողովուրդն իմաստուն է, և գու­ցե, այս տարիների ընթացքում, իսկապես, մեր սխալներն այնքան շատ են, որ այլևս չպետք է զբաղեցնենք իշխանությունը, գուցե ընդհակառակը՝ ժողովուրդը մյուս քաղաքական ուժերի հետ հստակ համե­մատության մեջ կարող է տեսնել մեր վար­քագիծը, հռետորաբանությունը, ընտր­ված բառերը, աշխատանքները, և, ի վեր­ջո, անհատներին, որոնք ձևավորում են այդ ուժը և տա իր վերջնական քվեն: Այս­տեղ որևէ զարմանալու բան չկա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել