Էմոցիոնալ և հանրային ընկալումների մակարդակում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վարքագիծը շատ նման էր իրարից նեղացած և նույնիսկ միմյանց նայելու ցանկություն չունեցող մարդկանց։
Այն, որ Իլհամ Ալիևը չի տիրապետում տարրական էթիկայի կանոններին, գաղտնիք չէ, բայց Հայաստանի վարչապետը, կարծում եմ, գոնե պոպուլիստական մակարդակում պետք է որ իրեն ավելի լավ զգար։ Այնինչ երկու ղեկավարներն էլ չափազանց լարված ու ջղաձգված էին, հանգիստ էր միայն Պուտինը։
Ստորագրված հայտարարության մասին․ Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ վարչապետն իր մամուլի խոսնակի բերանով ասում էր․ «Հայկական կողմի համար անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»:
Հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ժամանակ փաստացի որևէ արդյունք չի գրանցվել գերիների փոխանակման բանակցության մեջ, բայց կողմերը ստորագրել են առանցքային հայտարարություն․ «Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքային խումբը մինչև 2021թ. մարտի 1-ը ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց»։
Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային բեռնափոխադրումները, իհարկե, դրական կազդեն մեր տնտեսության վրա, օգտակար են։ Խնդիր չեմ տեսնում նաև Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի առումով, բայց անհասկանալի է, թե ուր մնաց գերիների հարցը։ Այս պահին մեզ համար առանցքային խնդիրը դա է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել